«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, ով չի հեռանում Բաղրամյան պողոտայից, հայտարարում է, որ աուդիտի մասին խոսքերն ուշացած են և իրենք պահանջում են բարձրացված սակագնի վերանայում:
«Մենք հաստատակամ մնում ենք հավատարիմ մեր պահանջին՝ չեղարկել ՀԾԿՀ-ի որոշումը սակագնի բարձրացման վերաբերյալ, վերանայել սակագինը և նվազեցման հնարավորությունները, և պատժել կարգազանց ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ի լուսաբացին բռնի ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ»,- ասաց Վաղինակը:
Իսկ, պահանջը չկատարելու դեպքում ծրագրավորվող քայլերի մասին, Վաղինակ Շուշանյանը նշեց, թե քաղաքացիական անհնազանդության քայլեր կարվեն: Նա չի բացառում, որ փակելու են քաղաքի կարևոր փողոցները և եթե մեկ ժամով էր դա արվում, ապա ամեն օր մեկ ժամ ավելացնելու են:
Նշենք, որ քիչ առաջ նախաձեռնությունը տարածել էր հայտարարություն, որում ասվում էր, թե կասկածելի անձիք սկսել են հետապնդել նախաձեռնության անդամներին և խաղաղ հավաքի մասնակիցներին։


