Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի պահանջով Բաղրամյան պողոտայում ցուցարարները ստիպված էին հավաքել ու տեղից հանել մի քանի պոլիէթիլենից ու թղթերի պատրաստված ինքնաշեն վրանները։ Դրանցից մեկում առաջին անհրաժեշտության կետ էր գործում, մյուսն էլ նախատեսված էր սննդի բաշխման համար։

«Սնունդը պետք է պահել հատուկ պլասմասե տարաներում, իսկ ձեզ մոտ ի՞նչ է։ Սնունդը հողաթափերի կողքին է, իսկ կողքն էլ մարդ է քնած»,-նկատեց Օսիպյանը։

Քամուց ու փոշուց պաշտպանվելու համար արգելափակոցները պահպանելու խնդրանքը Օսիպյանը չընդունեց.

«Դուք արդեն վրան եք դնում, իսկ վրան տեղադրելու թույլտվություն չկա։ Դուք առանց այդ էլ խախտել եք հասարակական կարգը։ Հիմա էլ հիգիենան եք խախտում»։