Ինչպես արդեն հայտնել ենք՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ ՃՈ պետի պաշտոնից ազատվել է գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Արտակ Հարությունյանը ՃՈ պետ էր նշանակվել 2014 հոկտեմբերի 7-ին ` փոխարինելով Արսեն Գալստյանին:
Այս ընթացքում Արտակ Հարությունյանը մշտապես գտնվել է պասիվ վիճակում՝ հաշվի առնելով թե՛ լրատվամիջոցների հետ նրա չշփվելը, տեսախցիկներից և հարցուպատասխաններից խուսափելը և այն, որ նրա ղեկավարման օրոք ոչ մի նկատելի բարեփոխում կամ առաջընթաց չի գրանցվել ճանապարհային ոստիկանությանում:
Այսքան ժամանակ դժվար է հիշել Հայաստանում տեղի ունեցող մի իրադարձություն, որի հետ կապված Արտակ Հարությունյանն իր կարծիքն առաջարկի կամ արձագանքի... Նա նման պահերին միշտ անտեսանելի է դառնում:
Նույնը տեղի ունեցավ Բաղրամյանի դեպքերի հետ կապված: Շատերը գործեցին, շատերը հայտնեցին իրենց կարծիքը, շատերն ակտիվություն ցուցաբերեցին, իսկ պարոն Հարութունյանի դեմքն ու ձայնը այդպես էլ անհասանելի մնաց հասարակությանը: Եվ զարմանալի չէր, անգամ սպասված էր այսօրվա նրա պաշտոնանկությունը:
Երբ Արսեն Գալստյանին ի պաշտոնե փոխարինեց Արտակ Հարությունյանը, համապատասխան մարմինները հասկացնել տվեցին, որ նպատակը ոլորտի բարեփոխումներն են, սակայն երևի հասկացան, որ սխալ ընտրություն են կատարել և ստիպված եղան բարեփոխումներն իրականացնելու համար այլ թեկնածու փնտրել:
Ինչևէ. մնում է հուսալ, որ ՃՈ պետի աշխատանքից ազատումն իսկապես կապված է բարեփոխումների, ոչ թե այլ նպատակների իրականացման հետ:
Լուսանկարը՝ Armenpress
Անուշ Զոհրաբյան