Այսօր լրագրողների հետ զրույցում «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգյանը հերքեց խոսակցությունները այն մասին, թե իբրև իրեն և Վաղինակ Շուշանյանին սպառնացել ու վախեցրել են, այդ իսկ պատճառով են իրենք հեռացել Բաղրամյան պողոտայից:

«Չկա նման բան ուղղակի: Ես շուրջ 3 տարի է փողոցային պայքարի մեջ եմ ու բազմիցս եղել են թե հետևելու պրոցեսներ, թե ամենինչ: Այսինքն, ի սկզբանե մտնելով պայքարի մեջ ես շատ լավ գիտակցել եմ այս ամենինչի ռիսկերն ու քայլերը: Եթե ես վախեցող մարդ լինեի չէի մտնի պայքարի մեջ: Ինչի՞ց կամ ո՞ւմից պետք ա վախենամ: Որևէ վախենալու մարդ իմ համար չկա, որևէ վախենալու բան իմ համար չկա»,- ասաց Մաքսիմը:

Իսկ Սոֆյա Հովսեփյանը ավելացրեց, որ այստեղ վախենալու բան ոչ թե ունեն Վաղինակն ու Մաքսիմը, այլ ոստիկանությունը պետք է վախենա, քանի որ ապօրինի կերպով իրականացրեց հունիսի 23-ի դեպքը: 

Նրանք անդրադարձան նաև նախագահի առաջարկին՝ նշելով, որ կհամաձայնվեն հանդիպմանը այն դեպքում, երբ կապահովվի իրենց անվտանգությունը, քանի որ վերջերս համոզվել են, որ ոստիկանությունը իրենց պաշտպանը չէ: Իսկ առաջին հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հրաժարվել էր հանդիպումը հեռարձակել ուղիղ եթերով: 

«Նախագահը ուղիղ եթերի անունը լսելով ուղղակի հրաժարվեց հանդիպումից»,- նշեց Սոֆյան:

«Ոչ թալանին»-ի հետ ուղիղ կապի մեջ նախագահականից դեռ չեն մտել: