ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 7-ին Ազգային ժողովում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մարշալովին. տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Գալուստ Սահակյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ: ԱԺ նախագահն ընդգծել է, որ խորհրդարանը մշտապես համագործակցում է դեսպանատների հետ, բարձր գնահատում նրանց դերը բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման գործում: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է Հայաստանի և Թուրքմենստանի միջև փոխգործակցության զարգացումը հատկապես մշակութային և տնտեսական ոլորտներում:

Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մարշալովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի հնարավորը` զարգացնելու և ամրապնդելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են խորհրդարանականների փոխայցերը, քննարկել առաջիկայում նոր ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը, անդրադարձել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի: