Հուլիսի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը:
ԱԳ նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները և դրանց խորհուրդը։
Զրուցակիցները քննարկեցին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։
Էդվարդ Նալբանդյանն ու Հերբերտ Զալբերն անդրադարձան Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ջանքերին և նրանց կողմից 2009 թվականից արված հայտարարություններին արտահայտված աջակցությանը։
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Զալբերը նշեց, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և վերահաստատեց ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցություններին։