Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ոսկյա զարդերի խանութից գողություն կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում ձեռնարկվում են միջոցներ՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2015թ. հունիսի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմանններում, մի տղամարդ Մ.Խորենացու 24 հասցեում գործող ոսկյա զարդերի խանութից գաղտնի հափշտակել է ոսկյա մատանի և ականջօղ՝ պատճառելով 1.700.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Քրեական գործով նախաքննության ընթացքում ստացվել են հիշյալ ոսկյա զարդերի խանութում առկա տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, զննվել։ Տեսանյութում երևում է այն տղամարդը, ով, ըստ տուժող կողմի, հափշտակել է ոսկյա զարդերը։
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում լուսանկարում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: