Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որը ընկալելի կդարձնի պետական կառավարման մարմինների, ինչպես նաև հանրության համար կառավարության առաջիկա երեք տարիների հարկաբյուջետային քաղաքականության գերակայություններն ու ծախսային քաղաքականության ռազմավարությունը, հիմք կծառայի ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար:
Կարևորելով միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ այն կարևոր և ուղղորդող փաստաթուղթ է. եղել են բազմաթիվ առաջարկություններ նախարարությունների և գերատեսչությունների կողմից, որոնց մի մասը ընդունվել է, մյուսները կքննարկվեն 2016թ. պետբյուջեի նախագծի մշակման ընթացքում:
Ի գիտություն է ընդունվել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի զեկուցումը ՀՀ կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների հանձնարարականների կատարման մասին: