Այսօր Երևանի Հանրապետության Հրապարակում հավաքվել էին Ֆիրդուսի 33 թաղամասի բնակիչները, ովքեր փակել էին Տիգրան Մեծ փողոցը՝ պահանջելով փոխհատուցել իրենց պատճառված վնասները:
Այս անգամ ևս ոստիկաններին հաջողվեց ցուցարարներին փողոցից դուրս բերել: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բանակցեց ցուցարարների հետ՝ համոզելով կառավարության շենքի մոտ գալ, որպեսզի երթևեկությունը չխաթարվի:
Բնակիչները հայտարարեցին, որ իրենց պահանջը մեկն է՝ հանդիպել վարչապետի հետ: Դրությունն այնքան սրվեց, որ բողոքող մարդկանցից մեկի ինքնազգացողությունը վատացավ:
Նշենք, որ բնակիչները պահանջում էին դեռևս ութ տարի առաջ կորցրած իրենց բնակարանների գնին համարժեք գումարը:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ վարչապետը պատրաստ է ընդունել ցուցարարներից 10-ին, ովքեր կկարողանան ներկայացնել ընդհանուր պահաջները: Ցուցարարները պահանջեցին, որպեսզի վարչապետն ընդունի բոլորին: Նարեկ Սարգսյանն, ի վերջո, առաջարկեց 30 հոգով բարձրանալ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման: