Վերջերս կայացած նիստերից մեկի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ իր դռները բաց են բոլոր տեսակ առաջարկների համար։
«Իմ դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների և ծրագրերի համար»- ասել էր վարչապետը։
Սերգո Կարապետյանը երկար չսպասեց և վերջին նիստում մի որոշման նախագիծ առաջարկեց.
15 տարի առաջ 10 տարով համայնքներին վարձակալության հանձնված տրակտորները պետք է հանվեն աճուրդի: Սերգո Կարապետյանի խոսքերով համայնքներին առաջարկվել է վերոնշյալ 28 միավոր տրակտորներից յուրաքաչյուրը գնել 400 հազար դրամով, չգնելու դեպքում դրանք կդրվեն աճուրդի:
Վարչապետը զարմացավ, թե վարձակալության համար նախատեսված 10 տարին վաղուց անցել է, արդեն 15 տարի է, դրանք շահագործվում են համայնքների կողմից, ինչու է նման որոշում կայացվում:
Գյուղնախարարը փորձեց հիմանավորել, որ տրակտորները համայնքներից պետք է վերցնել:
«15 տարի է շահագործում են, ի՞նչ է նշանակում վերցնել աճուրդի դնել»,- ասաց Հովիկ Աբարահամյանը։
Վարչապետը հանձնարարեց հարցը կրկին քննարկել։
Սերգո Կարապետյանը, երևի թե օգտվել էր Հովիկ Աբրահամյանի առաջարկից, բայց հաշվի չէր առել «ողջամիտ» բառը։
Կամ էլ գուցե նոր բիզնես է ձեռնարկել... չեք առնի՝ աճուրդի կհանեն... «հրաշալի» սպառնալիք է գյուղերին։
Համայնքներն իվիճակի չեն գնել, գյուղացին մի կերպ է գոյատևում և հիմա էլ վերձնե՞լ ձեռքից շահագործվող տրակտորը՝ առաջարկելով՝ կամ գնում ես, կամ աճուրդի եմ հանո՞ւմ։ Ու վատ է, որ դա առաջարկում է գյուղնախարարը, ով պետք է խոսի միայն գյուղացիների շահի օգտին։
Ողջունելի է այն, որ վարչապետին տարօրինակ է թվացել առաջարկը և հավանություն չի տվել նախագծին։
Այդ ինչպե՞ս է ստացվում, որ գյուղատնտեսության նախարարը շրջանցելով շատ արդի ու կարևոր խնդիրները, որոնցից մեկը այսօր ծիրանի մթերման հարցն է, փոխանակ առաջ քաշելու ծրագիր, որով կօգնի գյուղացուն այս խնդիրները հարթել, առք ու վաճառքի ծրագիր է առաջ քաշում, որտեղ տուժող կողմը կլինի կրկին գյուղացին։: