Ինչու՞ են ավիաընկերությունները լքում Հայաստանը և հեռանում: Այս թեմայի շուրջ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի բանախոս՝ ԿԱ Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանն ասաց, թե կան մի քանի պատճառներ՝ քաղաքական և տնտեսական բնույթի:
Նա մասնավորապես ասաց.
«Քաղաքական պատճառներից մեկն այն է, որ Հայաստանը հիմա շատ վասալական վիճակում է գտնվում, և ամբողջ այդ շուկան ուղղակի տրվել է Ռուսաստանին: Բաց երկնքի քաղաքականություն կոչեցյալը, որ արդեն երկու տարի է, ինչ հայտարարվել է, դա բլեֆ է, մեր երկինքը երբեք էլ փակ չի եղել»:
Շահեն Պետրոսյանի համար զարմանալի է, թե ինչպես պատահեց, որ երկրի ամենաեկամտաբեր՝ «Հայկական ավիաուղիները» սնանկացան:
«Երբ «Հայկական ավիաուղիները» տրվեցին «Արմավիա»-ին, ես զգուշացրեցի, որ դա շատ վտանգավոր հետևանքներ է ունենալու, քանի որ այդ ոլորտով սկսեցին զբաղվել ոչ պրոֆեսիոնալ մարդիկ: «Արմավիայի» սնանկացումից հետո ուղևորափոխադրումներ սկսեց իրականացնել «Էյր Արմենիա» ընկերությունը, սկսեցին հաշվի չառնել սեփական փոխադրողի շահերը, որոշեցին երկինքն ամբողջությամբ տալ օտարներին»,- ընդգծեց նա: