«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր դեմ մայիսի 20-ին իրականացված մահափորձից հետո պաշտպանության հատուկ միջոցներ է ձեռնարկել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանը վերջերս նոր` զրահապատ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա է գնել: Այն հանգամանքը, որ Սյունիքի մարզպետը սկսել է մտահոգվել իր անվտանգության համար, ինքնին ուշագրավ է:

Սովորաբար Սուրիկ Խաչատրյանի հետ խնդիրներ ունեցողներն են իրենց անվտանգության համար մտահոգվել, և դեռևս չկա նախադեպ, որ զրահապատ ավտոմեքենան նրանց օգնած լինի:

Մյուս կողմից էլ, եթե իշխանություններին չհաջողվի Սուրիկ Խաչատրյանի որդու և հարազատների մասնակցությամբ ծեծի գործը «ջրել», ապա ստիպված պետք է լինեն նրան ևս մեկ անգամ պաշտոնանկ անել, այս անգամ, թերևս, ընդմիշտ: Իսկ այդ դեպքում Սյունիքի մարզպետը հաստատ մտահոգվելու առիթ կարող է ունենալ: Ով-ով, նա բոլորից լավ գիտի, թե իր հարազատներն այս տարիների ընթացքում ինչեր են արել և քանի ընտանիքի ճակատագիր են խեղել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի