ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը քիչ առաջ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ խոսելով «Կարֆուր» միջազգային սուպերմարկետի Հայաստան գալու մասին այն խոսակցություներին, թե շուկայում կան խոչընդոտներ, որոնց պատճառով չի կարողանում միջազգային ընկերությունը մտնի հայկական շուկա, ասաց, որ մինչ այս պահը դեռ «Կարֆուր» ընկերության ներկայացուցիչները չեն արձագանքել  հայկական կողմի բազմաթիվ այն հայտարարություններին, որ հրավիրում են քննարկելու առկա խնդիրները:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղելով Արտակ Շաբոյանին ասաց. «Ի՞նչ է նշանակում ասուլիս եմ արել, ասել ենք թող գան քննարկեն, ինչի՞ դուք չեք դիմել «Կարֆուրին»: Ձեզ չի՞ հետաքրքրում, թե մրցակցության ոլորոտում ի՞նչ է կատարվում: Ձեր հաշվետվության մեջ նշում եք շուկայի հասանելիության խնդիրը, բայց փաստորեն ձեր անելիքը համարում եք ասուլիս անե՞լն ու հայտարարե՞լը»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի, Արտակ Շաբոյանն ասաց. «Տարբեր լրատվամիջոցներով հնարավոր և անհնար եղանակներով, մենք փորձել ենք «Կարֆուր» ընկերության ներկայացուցիչներին կանչել, հրավիրել քննարկման, բնականաբար քննարկման նապատակն է հասկանալ խնդիրները, որպեսզի ուսումնասիրություններ անցկացնենք: «Կարֆուր» ընկերությունը դա այն ընկերությունն է, որը միջազգային ճանաչում ունի և կաշկանդված չէ, ամեն դեպքում ընկերությունը կարող է գալ և իր խնդիրները բարձրաձայնել, ներկայացնել և եթե իրականում կան խնդիրներ պարտավոր են գալ և ներկայացնել: Եթե ընկերությունը դա մեզ հետ քննարկի, մենք պատրաստ ենք անգամ հրապարակային քննարկումներ կազմակերպել»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը նորից ելույթ ունեցավ ասելով. «Ամեն անգամ այնպիսի տպավորություն է, որ այս ամբիոնից զեկուցողներին, երբ որ հարց ենք հնչեցնում, հարցը չեն լսում, նրանք պատրաստի տեքստեր ունեն և գալիս են պատրաստի տեքստերով: Ինչի՞ նամակ չեք գրում «Կարֆուրին», զանգեք, էլեկտրոնային փոստին գրեք: Ի՞նչ է նշանակում ասուլիս եմ արել ասել եմ, եթե ուզում եք եկեք: Միջազգային շուկան ահազանգում է, որ չեն թողնում ընկերությանը Հայաստան մտնել, դա ձեզ չի՞ մտահոգում»:

«Մենք բոլոր հնարավոր միջոցներով դիմել ենք «Կարֆուր» ընկերությանը և խնդրում եմ, եթե դուք ավելի ռեալ, իրատեսական հնարավորություններ ունեք ընկերության հետ կապնվելու, խնդրեմ, իրենց հետ կապնվեք»,-այսպես պատասխանեց Նիկոլ Փաշինյանին Արտակ
Շաբոյանը: