«Հայաստանում գործող մի քանի դեսպանություններ (Լիտվա, Հունաստան) վերջին շրջանում հրաժարվում են ընդունել քաղաքացիներին, ովքեր դիմում են վիզա ստանալու համար: Փոխարենը դեսպանատները քաղաքացիներին ուղորդում են Սախարովի հրապարակում գործող վիզաների կենտրոն, որտեղ այս օրերին սարսափելի հերթեր են: Չկա հերթը կանոնակարգող որևէ կարգ, ծառայությունների, սպասարկման մակարդակ և թղթերը չկորցնելու երաշխիք:

Բացի այդ, քաղաքացիները վիզա ստանալու համար ստիպված են ավելի շատ վճարել, քան վճարում էին նախկինում: Մասնավորապես՝ վիզա ստանալու ծառայության դիմաց, բացի վիզայի համար սահմանված հյուպատոսական ծախսերից, այդ միջնորդ կազմակերպությունը քաղաքացուց գանձում է լրացուցիչ 12 հազար դրամ: Մինչդեռ Եվրամիության հետ Հայաստանի վիզային ռեժիմի դյուրացումից հետո նախկին 60 եվրոյի փխարեն՝ եվրոպական երկրներ մուտքի արտոնագրերը ՀՀ քաղաքացիների համար այժմ արդեն 30 եվրո արժեն, իսկ որոշ երկրների դեպքում էլ անվճար են:

Վիզաների կենտրոնի այս գործունեությունը դժգոհություններ ու անհարմարություններ է պատճառում ոչ միայն քաղաքացիներին, այլև զբոսաշրջային կազմակերպություններին, որոնցից մեկի տնօրենը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ կենտրոնի գործունեությունը ճիշտ չի կազմակերպված և ամենամեծ խնդիրն այն է, որ նրանք իրենց ծառայությունների դիմաց գանձում են լրացուցիչ 12 հազար դրամ, որը քաղաքացու համար դառնում է նույն 60 եվրո ծախսը: Նրա խոսքով՝ շատ կարևոր հարց է նաև այդ կենտրոնի աշխատակիցների ոչ կոմպետենտ լինելը»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: