Հուլիսի 10-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս՝ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ՔՀԲ աշխատակիցները ՊՊԾ երրորդ հատուկ գումարտակի ծառայողների հետ Մաշտոցի պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկի մոտակայքից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1977 թվականին ծնված Արթուր Ղազարյանին՝ Տույ մականվամբ, 1981 թվականին ծնված Արթուր Բորյանին՝ մականունը՝ Կվաս, 1988 թվականին ծնված Հրանտ Անանյանին, 1979 թվականին ծնված, նախկինում 3 անգամ դատապարտված Սարգիս Հարությունյանին, 1984 թվականին ծնված Արայիկ Խաչատրյանին, 1976 թվականին ծնված, նախկինում դատապարտված Արմեն Մուրադյանին և 1985 թվականին ծնված Սարգիս Զարգարյանին:
Արթուր Ղազարյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է անհայտ մակնիշի 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 17 փամփուշտով, Անանյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 փամփուշտով:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Ղազարյանին պատկանող զրահապատ «ԲՄՎ» մակնիշի ՌԴ պետհամարանիշերով ավտոմեքենան, որի սրահից զննությամբ հայտնաբերվել է երկու հատ 7.62 մմ տրամաչափի որսորդական ինքնաձիգ՝ լիցքավորված 18 և 9 փամփուշտով:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Քննությունը շարունակվում է: