«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնի Միքայել Վարոսյանը, տեղեկացնում է Առաջին ալիք Հասարակայնության հետ կապերի բաժինը:
Միքայելի ամենամեծ երազանքն արդեն իրականություն է. նա 2012 թ-ից սկսած մասնակցել է «Մանկական եվրատեսիլ»-ի հայաստանյան բոլոր փուլերին, սակայն բաղձալի երազանքին հասնելու համար մի քանի տասնորդական միավորներ չեն բավականացրել:
Այս տարի Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ հենց նա կլինի հայաստանյան պատվիրակը ճանաչված և սիրված մրցույթում:
12-ամյա Միքայելը երաժշտության ասպարեզում իր առաջին քայլերն արել է դեռևս 6 տարեկանից, սկսել է երաժշտական կրթություն ստանալ, հետագայում՝ մասնակցել միջազգային մրցույթների:
Միքայելը 2013 թ-ից մասնակցում և ամենատարբեր մրցանակներով է վերադառնում Հայաստան: Նա 2012 թ-ին մասնակցել է «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան ընտրական փուլին:
2013 թ-ին մասնակցել է Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացած մանկական միջազգային Golden Sparkles մրցույթ-փառատոնին, որտեղ նա միաժամանակ 3 մրցանակի է արժանացել՝ կատարողական մրցույթում 2-րդ տեղ է զբաղեցրել, երգի մրցույթում՝ 3-րդ, ինչպես նաև արժանացել է մրցույթի «Ամենագրավիչ մասնակից» հատուկ մրցանակին:
2014 թվականին Միքայելը մասնակցել է Վիտեբսկ քաղաքում անցկացվող «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթին, որտեղ ներկայացրել է Հայաստանը և գրավել 3-րդ տեղը:
Միքայել Վարոսյանը սովորում է Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում, 7-րդ դասարանում:
Միքայելը նկարահանվել է ռեժիսոր Արմեն Ռոնովի ֆիլմում, կրկնօրինակել և հնչյունավորել մի շարք մուլտֆիլմեր և ֆիլմեր:
2014 թվականից նա իրեն սկսել է փորձել նաև հեռուստատեսային աշխարհում և սկսել է վարել «Փազլ» մանկական հաղորդումը:
Միքայելը շատ է սիրում Մայքլ Ջեքսոնի և Բրունո Մարսի երգերը և ակտիվ հետևում է նրանց երաժշտական գործունեությանը: