«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին ժամանակներս հայաստանյան քրեական հեղինակությունները կամ սպանվում են կամ` հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում: Դա խոսում է մեկ բանի մասին` քրեական աշխարհում խորքային հակամարտություն է ծավալվում: Վերջին թարմ դեպքերից մեկը քանաքեռցի հայտնի մականունով Տույի ձերբակալումն է, իսկ երեկ հրազենային վնասվածքով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղա- փոխվել Չուգուն մականվամբ Արթուր Հովհաննիսյանը, որտեղ էլ նա մահացել է:

Քրեական աշխարհին քիչ թե շատ քաջատեղյակները նշում են, որ քրեական աշխարհը հակամարտության այս փուլ մտավ Երրորդմասցի Լյովիկի եւ նրա մտերիմների սպանությունից հետո, թեեւ հակասություններն ավելի խորքերն են գնում: Եվ ամեն ինչ պայթեց հենց Երրորդմասցի Լյովիկի դեպքից հետո` հաշվի առնելով նաեւ նրա ազդեցիկ դիրքերն ու Պզոյի հետ ունեցած հարազատական կապերը: Գումարած դրան՝ Լյովիկը ընդարձակ կապեր ուներ նաեւ քաղաքական, իշխանական շրջանակներում, եւ նրա սպանությունը նաեւ ազդակ էր` ոչ միայն քրեական, այլ նաեւ տնտեսական ազդեցության ոլորտների բաժանման մասին:

Թե ինչքան կխորանա արդեն քրեական պատերազմ հիշեցնող այս իրավիճակը, անգամ քաջատեղյակ անձինք են դժվարանում կանխատեսել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում