Հունիսի 17-ին «Պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդում» նախաձեռնության, ծրագրային բյուջետավորման և ներքին աուդիտի կատարելագործման գործընթացի շրջանակում ՊՆ վարչական համալիրում քննարկվել են այդ ոլորտներում իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեղակավությամբ անցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ոլորտի պատասխանատուների կողմից հատուկ ընդգծվել է այն հանգամանքը, որ վերջին շրջանում զինված ուժերում էապես բարելավվել են ներքին կառավարման էթիկան ու հաշվետվողականությունը, նվազել են կոռուպցիոն ռիսկերը, ամրապնդվել են գնումների գործընթացի ապագաղտնիացումն ու թափանցիկությունը, վիճակահանության սկզբունքի ներդրման շնորհիվ նկատելի առաջընթաց է գրանցվել նաև զորակոչի գործընթացում, մասնավորապես՝ սուբյեկտիվիզմի գործոնի բացառման առումով: Անդրադարձ է կատարվել նաև զինանձնակազմի համակողմանի, հատկապես պարենային ապահովման հարցերին: Այդ շրջանակում, մասնավորապես, ոլորտի պատասխանատուները մատնանշել են, որ հետևողական աշխատանքի արդյունքում զգալիորեն բարելավվել է ազգային բանակի զինծառայողներին մատակարարվող սննդամթերքի որակը: