Երևանի «Միկա» մարզասրահում ավարտվեց Սեուլի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան ավանդական դարձած ազատ ըմբշամարտի հոբելյանական՝ 20-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին մեկ տասնյակից ավելի երկրների շուրջ 150 ըմբիշներ:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մրցումային երկրորդ օրը Հայաստանի ըմբիշների համար ավելի հաջող էր:
Ոսկե մեդալների և 5000 ամերիկյան դոլար մրցանակի արժանացան 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն: Ի դեպ՝ Ֆրանգուլյանը եզրափակչում հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Գևորգ Տերտերյանին:
Այս քաշային կարգի փոքր եզրափակիչներից մեկը նույնպես հայկական էր. բրոնզե մեդալի համար պայքարում Գոռ Թորոսյանը պարտության մատնեց Տարոն Դումոյանին:
Իսկ Բերիանիձեն եզրափակչում առավելության հասավ բազմափորձ ու տիտղոսակիր մարզիկ, Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, իր հայրենակից Դավիթ Մոդզմանաշվիլու նկատմամբ:
Հայաստանի ըմբիշներից բրոնզե մեդալակիրներ դարձան նաև 70 կգ քաշային Տիգրան Մնացականյանը, 86 կգ քաշային Մուսա Մուրտազալիևը և 125 կգ քաշային Վահե Սիմոնյանը:
70 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչմանը արժանացավ ռուսաստանցի Եվգենի Ժերբաևը, ով գլխավոր գոտեմարտում ավելի ուժեղ գտնվեց իր հայրենակից Խալիլ Ամինովից:
86 կգ քաշային կարգում առաջին տեղի մրցանակին արժանացավ իրանցի Ալիրեզա Կարիմին, ով առանց գոտեմարտելու կանգնեց պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին, քանի որ ուզբեկստանցի տիտղոսակիր ըմբիշ Սոսլան Տիգիևը կիսաեզրափակչում ծանր վնասվածք էր ստացել:
Այսպիսով՝ Ստեփան Սարգսյանի անվան 20-րդ մրցաշարի երկօրյա պայքարում ոսկե մեդալներ նվաճեցին չորս երկրի ըմբիշներ: 3 չեմպիոն ունեցավ Հայաստանը, 2 չեմպիոն՝ Իրանը և մեկական ԱՄՆ-ը, Վրաստանն ու Ռուսաստանը: