ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ, 2015 թվականի մարտի 3-ին հիշյալ բաժնում քննվող քրեական գործով կողոպուտ կատարելու մեջ մեղադրվող Ա. Գ.-ի բնակարանում խուզարկություն կատարելու ընթացքում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակներից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ:

Մասնավորապես՝ ոստիկանության հիշյալ բաժնի օպերլիազորը կողոպուտը Ա. Գ.-ի կողմից կատարված լինելու հանգամանքը վկայող արհեստական ապացույց ստեղծելու նպատակով՝ խուզարկության ընթացքում բաճկոնից հանել եւ սեղանին փորձել է աննկատ դնել իր հետ բերված իրը ու հայտնել, որ այն հայտնաբերվել է խուզարկությամբ՝ բնակարանից:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերով պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձը, ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, 2015 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երեւանի Չեխովի փողոցում փակելով քաղաքացի Մարիամ Ա.-ի բերանը, վերջինիս ձեռքից բացահայտ հափշտակել է զգալի չափերի «Սամսունգ Գալաքսի Գրանդ 2» մոդելի բջջային հեռախոսը եւ դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ եւ ամիսներ շարունակ կատարվել նախաքննություն:

Օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր նաեւ, որ հանցագործությունը կատարել է քաղաքացի Ա. Ա.-ն: Վերջինս, սակայն, նախաքննական մարմնին հայտնել է, որ դեպքի օրը` նույն ժամանակահատվածում, ինքը գտնվել է ընկերոջ տարեդարձին եւ կատարված հանցագործության դեպքի հետ որեւէ առնչություն չունի:

Այնուհետեւ գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է: