Վերջերս կառավարության ուշադրության կենտրոնում է հայտնվել ավիացիայի ոլորտը իր բազում խնդիրներով և լուծումներ գտնելու անհրաժեշտությամբ, իսկ հասարակության ուշադրությունն էլ սևեռված է մամուլում հայտնված հրապարակումներին, թե որքա՞ն գումար է վատնում պետական ապարատը իր գործուղումների վրա, և ինչ տեսակի չվեչթներից են օգտվում մեր պաշտոնյաները այլ երկրեր այցելություններ կատարելիս:
Այն որ Հայաստանից իրականացվող չվերթների արժեքը անհամեմատ բարձր է մեր հարևան Վրաստանի կողմից առաջարկվող գներից՝ փաստ է: Դա բազում հարցերի և դժգոհությունների տեղիք է տալիս, ժողովրդի կողմից էլ լայնորեն կիրառվում է «չերեզ Վրաստան» ավիափոխադրման տարբերակը: Մինչդեռ անհերքելի է նաև, որ օդային փախադրումների որակը և արժեքը այն առաջին տպավորությունն ու գնահատականն է, որի հիման վրա օտարերկրացին պատկերացում է կազմում մեր երկրի մասին, կարևոր ցուցիչ է գործարար միջավայրի հուսալիության և անվտանգության:
Հուլիսի 17-ին կառավարությունը խորհրդակցություն է անցկացրել ավիացիայի ոլորտի խնդիրների վերաբերյալ, որին մասնակցել են Հանրային խորհուրդը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները և ոլորտի մասնագետները: Քննարկվել են ՀՀ կառավարության կողմից «բաց երկնքի» քաղաքականության որդեգրումից հետո ՀՀ քաղավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը: Ներկայացվել են մի շարք առաջարկություններ, որոնք վերաբերում էին Հայաստանի ավիացիոն շուկայի մրցակցության բարձրացմանը, օտարերկրյա ավիաընկերությունների ներգրավմանը, տեղական ավիափոխադրողների հիմնմանը, ավիացիոն ոլորտի օրենսդրության բարելավմանը և այլն:
Ավելի վաղ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հերթական կառավարության նիստին հանձնարարական էր տվել՝ - «Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ Էկոնոմիկայի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրողների շուկան, թե՛ գների, թե՛ ուղղությունների և թե՛ թռիչքների ժամկետների և պայմանների ուղղությամբ: Նաև բանակցել այն ընկերությունների հետ, որոնք գիշերային թռիչքներ են կազմակերպում. . թռիչքները կարելի է տեղափոխել նաև առավոտյան ժամերին: Գիշերային թռիչքները անհարմարություն են ստեղծում զբոսաշրջության համար, քանի որ եթե զբոսաշրջիկը ժամանում է Երևան առավոտյան ժամը 5-ին, ապա մինչև 14:00-ն պետք է փնտրի, թե որտեղ անցկացնի ժամանակը կամ լրացուցիչ վճարի հյուրանոցի համար»:
Հուսանք, որ ոլորտի բարեփոխումների փաթեթը չի մնա միայն որպես փաստաթուղթ, այլ կյանքի կկոչվի վերանայված սակագներով, որակյալ ծառայությամբ, ինչը լրացուցիչ հնարավորություններ կձևավորի առանձին ոլորտների զարգացման, գործարարության ընդհանուր միջավայրի բարելավման և, այդպիսով, ողջ տնտեսության առաջընթացի համար: Այդ ժամանակ, վստահ եմ, որ հասարակությունն էլ ըմբռնումով կմոտենա այն փաստին, որ բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր իրենց երկիրն է ներկայացնում միջազգային ասպարեզում, կարող են հատուկ չվերթներից օգտվել:
Կարեն Մկոյան-Facebook