«ՀՀԿ պատգամավորական խմբակցության գործարար թևի ներկայացուցիչները խուճապի մեջ են: Նրանք վստահեցնում են, թե իրենց ասվել է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդունվելուց հետո, երբ ընտրությունները կանցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով, իրենք այլևս ՀՀԿ համամասնական ցուցակում լինելու հնարավորություն չեն ունենա, և այդ պատգամավորների օրենսդիր կենսագրությունը կավարտվի: ՀՀԿ-ականներն ասում են, որ այդ տեղեկությունը իրենց է փոխանցել ՀՀԿ մամուլի խոսնակ և Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, իսկ նա ներկայացնում է Հանրապետական կուսակցության և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը:

Ի՞նչ է սա նշանակում և ինչո՞ւ է այս տեղեկությունը պատգամավորներին տրվում հենց հիմա՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ: Մի՞թե պատգամավորներին դրա մասին չէին կարող ասել հանրաքվեից հետո, այն դեպքում, երբ խորհրդարանական ընտրությունները կազմակերպվելու են հանրաքվեից մեկուկես տարի հետո: ՀՀԿ վերնախավը չի կարող չհասկանալ, որ գործարար պատգամավորներին նախապես հայտնելով այդ լուրը, նրանց տրամադրում են սահմանադրական փոփոխությունների դեմ, որոհետև հենց այդ փոփոխությունների մեջ են նրանք տեսնում իրենց օրենսդիր գործունեությունը խոչընդոտողին:

Կա տեսակետ, որ ՀՀԿ-ի գործարար թևի ներկայացուցիչները, որոնք բոլոր ընտրություններում համարվել են կուսակցության համար քվե ապահովող հիմնական ուժը, ում վրա է դրված եղել տեղերում քվեարկության կազմակերպումը և ձայների ապահովումը, անկախ ամեն ինչից՝ պարտադրված են լինելու աշխատել հօգուտ սահմանադրական փոփոխությունների նախագծի անցկացման: Որ իշխանությունը նրանց նկատմամբ այնպիսի ազդու լծակներ ունի, որ նրանք չեն համարձակվի դեմ գնալ իշխանության համար ցանկալի նախագծի անցկացմանը, որքան էլ որ այն իրենց անձնական շահերին դեմ լինի: Բայց դա իրականում չափազանց միամիտ բացատրություն է»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: