Հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը Հայաստանի տարածքին մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքները, ինչի արդյունքում հանրապետության տարածքում ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Այդ օրերին գրանցվելու է խոնավության անկում, բույսերի մոտ նկատվելու է արագ ջրազրկում»,- ասաց նա և հորդորեց գյուղատնտեսներին արագացված ոռոգում կատարել, որ բույսերը չջրազրկվեն։
Նա նաև նշեց, որ Արարատյան դաշտում, Երևանում, Տավուշի և Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կհասնի մինչև 40 աստիճանի, իսկ ոչ ծառածածկ հատվածներում՝ 41-ի:
Քաղաքացիներին նա խորհուրդ տվեց խուսափել ակտիվ գործունեությունից: Ժամը 13:-17:00-ն ընկած հատվածում խուսափել արեգակի անմիջական ճառագայթներից, ընդունել շատ հեղուկներ։
«Այս օրերին նաև քամիներն են դադարելու, երեկոյան ժամերին բարձր ջերմային ֆոնը կպահպանվի։ Եթե այս օրերին ժամը 19:00-22:00-ին գրանցվում է 28-30 աստիճան տաքություն, հուլիսի 31-ից կգրանցվի 34-35 աստիճան տաքություն, ինչը բարձր ջերմաստիճան է այդ ժամերի համար»,- զգուշացնում է մասնագետը:


