Հայաստանի մինչեւ 16 տարեկան աղջիկների հավաքականը նախորդ շաբաթ հանդես եկավ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում՝ գրավելով 2-րդ հորիզոնականը: Հայ մարզուհիները հանդես եկան ՀԲՖ փոխնախագահ Վահագն Հարությունյանի գլխավորությամբ: ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում մարզիչն ամփոփել է Անդորրայում կայացած առաջնության արդյունքները.
- Հայաստանի պատանեկան հավաքականն առաջին անգամ մասնակցեց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Սպասո՞ւմ էիք, որ մեդալով կվերադառնաք հայրենիք:
- Մեր առջեւ խնդիր էինք դրել նվազագույնը լինել եռյակում եւ խնդիրը հաջողվեց իրագործել: Սպասելիքներ իրոք կային, քանի որ երկար ժամանակ ենք աշխատել այս հավաքականի հետ: Միաժամանակ պետք է նշեմ, որ մեզ չհաջողվեց մարտական կազմով մեկնել մրցավայր: Մենք նախատեսել էինք, որ պատանեկան հավաքականը կհամալրեն նաեւ Ռուսաստանում հանդես եկող մի քանի մարզուհիներ, որոնք բավականին բարձր կարգ ունեն: Ցավոք, որոշ հանգամանքների բերումով չհաջողվեց լեգիոներներին ընդգրկել հավաքական եւ մենք Անդորրայում հանդես եկանք բացառապես Հայաստանում ելույթ ունեցող խաղացողներով:
- Հայաստանն անցկացրեց 4 հանդիպում, որոնցից 3-ում հաղթանակ տոնեց: Ո՞ր հանդիպումն ավելի դիտարժան ստացվեց:
- Առաջին խաղում մենք մրցեցինք Ջիբրալթարի հետ եւ մեկնարկում մեր աղջիկները շատ լարված էին, քանի որ առաջին պաշտոնական խաղն էին անցկացնում: Մեկնարկային մեծ հուզմունք կար, որն աստիճանաբար հաղթահարվեց: Այս խաղում տարած հաղթանակը մեզ վստահություն հաղորդեց: Առավել լարված ստացվեց Մալթայի հետ մրցավեճը, որում մենք խաղային առավելություն ունեինք, սակայն շատ դանդաղ էինք միավորներ հավաքում: Միայն չորրորդ խաղափուլում կարողացանք արդյունավետությամբ աչքի ընկնել եւ ի վերջո հաղթեցինք: Այդ հանդիպումը մեծ էներգիա խլեց մեզնից:
- Ի՞նչ կարող եք ասել եզրափակիչ մրցավեճի մասին, որում Հայաստանը զիջեց Իսլանդիային:
- Մենք լավ սկսեցինք հանդիպումը, սակայն հավասար պայքար մղեցինք միայն առաջին խաղափուլում: Հաջորդ 3-ում մրցակցի բարձր կարգը զգացնել տվեց: Համոզված եմ, որ եթե մենք մարտունակ կազմով լինեինք, ապա եզրափակչում հավասար պայքար կծավալվեր եւ միգուցե մենք կհաղթեինք: Ամեն դեպքում, ես շնորհակալ եմ մեր աղջիկներին, որ մինչեւ վերջ պայքարեցին եւ բոլոր ուժերը ներդրեցին հաջող ելույթի համար:
- Որո՞նք են լինելու պատանեկան հավաքականի հետագա անելիքները:
- Մենք չենք պատրաստվում սահմանափակվել ձեռք բերածով: Արծաթե մեդալները միայն խթան կարող են հանդիսանալ, որ շարունակենք նույն ոգով աշխատել: Այժմ մի փոքր կհանգստանանք եւ կսկսենք մտածել հետագա անելիքների մասին: Պետք է շարունակենք սելեկցիոն աշխատանքներ իրականացնել եւ հասկանալ, թե գալիք տարի ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ:
Նյութի աղբյուրը՝ Հայաստանի Բասկետբոլի Ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջ: