Դոնեցկի «Շախտյորի» լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը «Զարյայի» հետ հանդիպումից առաջ «Դոնբաս Արենայում» պատասխանել է լրագրողների հարցերին:

Հենրիխ, առաջին հարցը ոչ ֆուտբոլային է: Գիտե՞ք, որ Գայտանան պատրաստ է հայերենով երգել «Շախտյորի» հիմնը: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
-Իհարկե, կարդացել եմ: Ինձ համար կարևոր է օգնել թիմին հաղթել յուրաքանչյուր խաղում, ոչ թե 25 գոլ խփել, որպեսզի նա հայերենով երգի «Շախտյորի» հիմնը:

Իսկ ո՞րն է ավելի շատ մոտիվացնում` լսել հիմնը քո պատվին, թե գերազանցել Ստարուխինի ռեկորդը:
-Եթե անկեղծ, ինձ համար ամենակարևորը թիմային խաղը և «Շախտյորի» հաղթանակն է: Եթե հաջողվի գերազանցել Ստարուխինի ռեկորդը, դա շատ հաճելի կլինի: Սակայն ինձ համար առաջնային են թիմային գործողությունները:

Թիմակիցների և մարզչի հետ խոսե՞լ եք ռմբարկուական ռեկորդի մասին:
-Այո, կարելի է ասել` կիսաշփում: Տղաներն ասացին, որ եթե 11-մետրանոցի իրավունք ստանանք, թույլ կտան ինձ իրացնել այն: Իսկ ես պատասխանեցի, որ ցանկանում եմ բոլորը գոլերը խփել խաղից:

Շարունակելով կատակի թեման` կօգնե՞ս Գայտանային սովորել հայերեն:
-Եթե հաջողվի հասնել 25 գոլի սահմանին, կարծում եմ` նա պետք է երգի, ոչ թե սպասի, մինչև թարգմանեմ տեքստը (ծիծաղում է):

Դմիտրի Սելյուկը պնդում է, որ քո նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում անգլիական ակումբները: Ի՞նչ-որ բան գիտես դրա մասին:
-Չգիտեմ, ես չեմ շփվել նրա հետ: Դա իմ գործը չէ: Եթե նա ինչ-որ առաջարկություն ունի, թող դիմի ակումբին: Իմ խնդիրը խաղալն է: Այժմ ես «Շախտյորի» ֆուտբոլիստ եմ, և ինձ այլևս ոչինչ չի հետաքրքրում: Պետք է ամեն ինչ անեմ այս թիմի հետ հաղթելու համար:

Սակայն դուք կցանկանայի՞ք խաղալ Եվրոպայում:
-Դա արդեն այլ հարց է: Այժմ ես չեմ պատասխանի նրան, քանի որ բանակցությունների ժամանակը չէ: Իմ սիրտը Դոնեցկում է` «Շախտյորի» հետ: Իսկ մրցաշրջանի վերջում ամեն ինչ պարզ կդառնա: Միայն ինչ-որ հստակ առաջարկություն ստանալու դեպքում կքննարկեմ այն:

Իսկ Դարիո Սրնայի օրինակը մո՞տ է քեզ:
-Կյանքում ամեն ինչ հնարավոր է: Ոչինչ չեմ կարող հերքել, քանի որ չեմ ցանկանում խոսել այդ թեմայով:

«Դինամոյից» հետո զգացում չկա՞, որ առաջնությունն ավարտված է:
-Ոչ, պայքարը շարունակվում է: Չնայած որ չեմպիոնությունից մեզ բաժանում է 4 միավոր, մենք պետք է ամեն ինչ անենք մնացած խաղերում հաղթելու համար:

Ի՞նչ է ասում Միստերը 25 գոլի կապակցությամբ: Կնշե՞ք այն կամ թիմն ինչ-որ նվեր կանի՞ այդ առթիվ:
-Ոչ, ոչինչ չեն ասել: Սակայն ամենակարևորն այն է, որ թիմն ուրախանում է, երբ ես գոլ եմ խփում: Ինձ համար դա հաճելի է:

Հենրիխ, եթե վերադառնանք տրանսֆերների թեմային, մամուլում շատ է քննարկվում քո հնարավոր տեղափոխությունը «Լիվերպուլ»: Ինչպե՞ս կմեկնաբանես այն:
-Եվս մեկ անգամ կասեմ: Չգիտեմ, թե որ թիմն է հետաքրքրվում իմ ծառայություններով, և եթե այդ մասին գիտի Դմիտրի Սելյուկը, ապա, խնդրեմ, այդ հարցով դիմեք նրան: Իմ մտքերը միայն «Շախտյորի» հետ է:

Իկեր Կասիլյասը խաղից հետո ձեռնոցները նվիրում է երկրպագուներին: Եթե դու խփես հիշարժան գոլ, կնվիրե՞ս քո մարզակոշիկները:
-Մարզակոշիկնե՞րը: Կփորձեմ նվիրել: Սակայն կարծում եմ, որ կարելի է նվիրել մարզաշապիկը, եթե խփեմ 22-րդ գնդակը:

Ուկրաինայի առաջնության ներկայիս ռեկորդը` 22 գնդակ, շա՞տ է, թե՞ քիչ:
-Կարծում եմ` նորմալ է, քանի որ վաղուց ոչ ոք այդքան չի խփել: Վերջին անգամ 17 գոլ է խփել իմ լավ ընկեր Եվգենի Սելեզնյովը: Կասեմ, որ 22 գոլը լավ ցուցանիշ է, քանի որ Ուկրաինայում դժվար է գոլ խփել այն պատճառով, որ այստեղ թիմերի մեծ մասը պաշտպանվում է:

«Դինամոյից» հետո «Զարյան» բարդ մրցակի՞ց է:
-Կարծում եմ` մենք տրամադրվածության հետ կապված խնդիրներ չենք ունենա: Սա առաջին անգամը չէ, իսկ մենք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ ենք:

Անցած տարի օգնեցիր Եվգենի Սելեզնյովին դառնալ Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկում: Թիմակիցներդ կօգնե՞ն քեզ, եթե նման իրավիճակ լինի:
-Ոչ: Ես երբեք նման բան չեմ խնդրի: Եթե անհարմար դիրքում լինեմ, ապա դա սխալ կլինի: Չպետք է կենտրոնանալ այդպիսի պահերի վրա, քանի որ գնդակն անընդհատ փոխանցելով մեկ ֆուտբոլիստին` բան չի ստացվի:

Քո շապիկի վրա պատկերված է Ալ Պաչինոն: Դա ի՞նչ-որ բանի հետ կապված է:
-Ոչ, պարզապես շապիկը դուր եկավ ինձ (ծիծաղում է):

sportarmenia.com