Քարակերտ-Դաշտադեմ ճանապարհին արդեն ավարտվել է ասֆալտի վերին շերտի տեղադրումը: Շինարարները ճանապարհի երկայնքով կատարում են հողային աշխատանքներ, կողնակների վերականգնում, իջատեղերի կառուցում:

Շինաշխատանքներն իրականացնող «Արարատ ճանշին» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Հրաչ Սարգսյանի խոսքով՝ ասֆալտապատման հիմնական աշխատանքներն ավարտվել են: Ասֆալտի վերին շերտի տակ տեղադրվել է մանրաթելային գեոգրիդե ցանց: Գյուղտեխնիկայի անցման տեղերում սալեր են շարվել:

Քարակերտ-Դաշտադեմ 5,6 կմ-անոց ճանապարհահատվածը մեկն է 15 կմ ընդհանուր երկարությամբ այն երեք ճանապարհահատվածներից, որոնք այս պահին ակտիվ վերակառուցման փուլում են: Որպեսզի ճանապարհը հիմնանորոգվի որակով, արագ և բարեխղճորեն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության որոշմամբ այն բաժանվել է երեք մասի, մրցույթի արդյունքում դրանց վերակառուցումը վստահվել է երեք կազմակերպության:

Հիմնանորոգվող ճանապարհը միջհամայնքային կարևորություն ունենալուց բացի, նաև մայրաքաղաքը Շիրակի դաշտավայրին կապող այլընտրանքային ուղի է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի փոխանցմամբ՝ սա Գյումրին Երևանին կապող հիմնական տարանցիկ ճանապարհն է։

Քարակերտով անցնող ճանապարհահատվածում շինարարները հիմնովին փոխում են ջրահեռացման համակարգերը, դրանից հետո կվերականգնեն ճանապարհի հողային պաստառը, ապա կիրականացնեն երթևեկելի մասի մասնակի լայնացում, միաշերտ ասֆալտբետոնե պատվածքի տեղադրում: