Թերթն անդրադարձել է ապրիլի 9-ին Երևանի Տերյան փողոցում 16-ամյա Հայկ Աղամալյանի կողմից Տիգրան Հայրապետյանին դանակահարելու դեպքին: Վերջինս հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել էր:
Հայկ Աղամալյանը Երևանի թիվ 3 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ է, իսկ Տիգրանը սովորում է Երևանի տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսում:
Ի դեպ, թերթի տեղեկացմամբ, ապրիլի 9-ին կատարվածը Երևանի տնտեսագիտական համալսարանին առնչվող միակ միջադեպը չի եղել: Մինչ սպանության մասին տեղեկության տարածումը, համալսարանի ուսանողների և շենքի դիմաց հավաքված դասադուլ հայտարարած երիտասարդների միջև ևս քաշքշուկ է սկսվել, որի արդյունքում նրանք սկսել են իրար վիրավորել, և միայն ոստիկանների միջամտությունից հետո էր իրավիճակը խաղաղվել:
Թերթի թղթակիցը փորձել է դեպքի վայրում պարզել, թե ինչ կապ կարող է լինել Տերյան փողոցում տեղի ունեցած սպանության և համալսարանի տարածքում տեղի ունեցած քաշքշուկի ու վիճաբանության միջև:
Տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկանը թղթակցի հետ զրույցում բացառել է դասադուլավորների և Տիգրանի սպանության միջև հնարավոր առնչության վարկածը:
Թղթակիցը պարզել է, որ դեպքի պահին Տիգրանի հետ եղել է նրա մտերիմ ընկերներից մեկը` Ռոբերտ Խաչատրյանը, ով ականետս է եղել, թե ինչպես է Հայկը դանակահարել ընկերոջը:
«Համալսարանում արված հարցուփորձի ընթացքում դանակահարության ամենահավանական վարկածը համարվում է կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճը»,- գրում է թերթը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնել են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` սպանության հատկանիշներով: Հայկը ձերբակալված է:


