«Հրապարակ» թերթը գրում է. «Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը Բաղրամյան պողոտայում ծավալելու հաճույքը վայելած երիտասարդությունը, բնական է, չպետք է բավարարվեր տրադիցիոն ու իր «դարն ապրած» Ազատության հրապարակով։ Նրանց նոր հորիզոններ են հարկավոր։ Մանավանդ՝ միշտ չէ, որ պայքարը հաջողություն է արձանագրում, և երիտասարդությունը դրա պատճառը հաճախ տեսնում է ոչ թե իր գործողությունների ճշգրտության, այլ վայրի ընտրության մեջ։ Թերևս դա էր պատճառը, որ երիտասարդների խումբը որոշեց «գրավել» Հանրապետության հրապարակը։
Երկու շաբաթից ավելի Հանրապետության հրապարակն էր համախմբում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողներին։ Դավիթ Սանասարյան-Անդրիաս Ղուկասյան զույգը փորձում էր այնտեղ հավաքել քաղաքացիներին, օր օրի մեծացնել մարդկանց քանակը, գրավել հրապարակի գորգը, նոր մեթոդներ կիրառել, նոր հայտարարություններով հանդես գալ:
Երեկ արդեն հերթը հասել էր մեր տատիկ-պապիկներին, ում հետ մեծ հույսեր են կապում նախաձեռնողները: Շարժման համակարգող Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ հրապարակն այն վայրն է, որտեղ իրենց պահանջներն ավելի ազդեցիկ են հնչում։ Բայց դեռ վստահ չեն, որ այնքան մարդ կհավաքվի, որ հնարավոր կլինի գրոհել և գրավել Հանրապետության հրապարակը։ Շոգն էլ մյուս կողմից է նեղում։
«Ոտքի, Հայաստանը» մտադիր է օգոստոսի 21-ին ևս հանրահավաք անցկացնել և հիշեցնում է իր 3 հիմնական պահանջը. պատասխանատվության ենթարկել էներգետիկ համակարգը ճգնաժամի հասցրած անձանց, ազգայնացնել ՀԷՑ-ն ու պաշտոնանկ անել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին։ Մինչ այդ էլ ևս 14 պահանջ էին հրապարակել՝ ընդգրկելով նաև իշխանափոխությունը։ Նրանք ընդդիմադիր կուսակցություններին կոչ են արել ժամանակավոր կառավարություն ձևավորել:
…. «Ոտքի, Հայաստան» շարժմանը թև ու թիկունք լինելու համար ստեղծվել է «Կարգին հայ պապիկներ» նախաձեռնությունը: Նախաձեռնության ղեկավար Սեյրան Ազիզյանը մեզ տեղեկացրեց, որ պապիկների խումբը կոչ է անում բոլոր պապիկ- տատիկներին միանալ «Ոտքի, Հայաստանի» կազմակերպած ակցիաներին: «Պատկերացնո՞ւմ եք, որ դուրս գանք համացանց, ու աշխարհի հայ պապիկները միանան մեզ: Ի՜նչ ուժ կլինի, ու ո՜նց սրանց հախից կգանք»,- ասում է Սեյրան Ազիզյանը»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: