Ինչպես նախապես հայտնել ենք, Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայում շարունակվում է գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի դատաքննությունը:
Քիչ առաջ մեղադրյալ Վալերի Պերմյակովը հրաժարվեց ցուցմունք տալուց: Հրապարակվել է նաև նախաքննական ցուցմունքը: Դրանում Պերմյակովը ասել է, որ որևէ մեկը չի իմացել իր մտադրությունների մասին, և այն մասին, որ ցանկանում էր փախչել Ռուսաստան:
Ավետիսյանների տանը Պերմյակովը փող է փնտրել, զարդեր: Փնտրել է տան բոլոր սենյակներում, սակայն պայուսակներից մեկից գտել է 5000 դրամ: Պերմյակովը վերցրել է հեռախոսներ, որոնցից զանգեր չի կատարել:
Ավտոմատ է վերցրել, որ վախեցնի մարդկանց, որ փող ու հագուստ կարողանա հայթայթել:
Իսկ մարտական փամփուշտ ու շեղբ դանակ էվերցրել օդ կրակելու և շներին վախեցնելու համար: Պերմյակովը պատմել է, որ գիտակցել է իր գործողությունները. հիշում է, որ ժամը 6-ի մոտակայքում է ավտոմատը թողել Ավետիսյանների տանը, 15 րոպե է մնացել այնտեղ, հետո հասել է հայ-թուրքական սահման, որ անցնի ու հասնի Ռուսաստան:
Նա պատմել է, որ զզվել էր ծառայությունից, ուզում էր նախ մտնել Թուրքիա, որից հետո՝ Ռուսաստան:
Նշենք, որ դատավարությունը լուսաբանվում էր ուղիղ եթերով, սակայն դատը լուսաբանող օպերատորներին միայն 15 րոպե թույլատրվեց մնալ դահլիճում: