«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը միանգամից 9 խորհրդական ունի, որոնց մեծ մասը նախկին նախարարներ կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնք թոշակի անցնելու փոխարեն են խորհրդականներ ձևակերպվել: Թե ինչով են զբաղված նրանք՝ պարզ չէ, քանի որ տված խորհուրդների մասին հանրությանը գրեթե ոչինչ հայտնի չէ: Բայց խորհրդականներից մեկի` Գագիկ Գուրգենի Գևորգյանի անձն առանձնահատուկ ուշադրության է արժանի, քանի որ նրա մասին մինչ օրս ոչինչ հայտնի չէ՝ այդ թվում նաև՝ լուսանկարն ու կենսագրական տվյալները:
Բայց պարզվում է, որ այս խորհրդականի աշխատավարձը ՀՀ պետբյուջեից վճարում են ռուսական ռուբլով՝ ամսական 110 հազար ռուբլի` մոտ 800 հազար դրամ:
Այս փաստը հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ Գագիկ Գուրգենի Գևորգյանը Ռուսաստանում է բնակվում: Իսկ եթե նա ՌԴ-ում է բնակվում, ապա ի՞նչ գործ ունի ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում: Այդ ի՞նչ խորհուրդներ է նա տալիս այդքան կիլոմետր հեռավորության վրա, որ պետբյուջեից այդքան մեծ գումար է ստանում:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: