««Բաղնիքի» և ոսկու մյուս շուկաներում «կատաստրոֆիկ» վիճակ է՝ փաստում են ոսկեգործությամբ զբաղվողները: Ամեն օր փակվում են նոր ԱՁ-ներ, ու շուկայում սեղանիկները մնում են դատարկ:

Սեպտեմբերի 1-ից իր ԱՁ-ն է պատրաստվում փակել նաև տիկին Շողիկը: «Առևտուրը համարյա 90 տոկոսով հետ է գնացել, բացարձակ առևտուր չկա: Ուղիղ 2 տարի է՝ ես իմ նախկին կուտակած ապրանքները վաճառում եմ ինքնարժեքով, ինքնարժեքից ցածր, որպեսզի կարողանամ վճարել հարկերն ու վարձավճարները: Ես 2 տարուց ավելի շահույթ չեմ ունեցել, ու այլևս այսպես շարունակելն անհնար է: Ես սեպտեմբերի 1-ից փակում եմ իմ ԱՁ-ն»,- մեզ ասաց տիկին Շողիկը:

Վերջինիս խոսքով՝ իրենք հույս ունեին, որ գոնե շուկայի սեփականատերերը մի քիչ կիջեցնեին վարձավճարները, բայց անօգուտ: Ոչ ոք ոչ մի զիջման չգնաց, և այս վիճակով այլևս հնարավոր չէ աշխատել: «Ոչ մեկի կողմից ոչ մի մոտեցում չեղավ, ոչ մի գրոշ վարձավճարներից չիջեցվեց, ու այլևս հնարավոր չէ գոյատևել և այլ միջոցներով աշխատած գումարը դնել էս գործի մեջ, անօգուտ է: Շուկայի տերերն էլ համառում են, թե իրենք էլ են հարկեր տալիս, իրենց վրա էլ է գումար դրված: Սա է իրականությունը»,- հավելեց տիկին Շողիկը:

Չէր կարելի մի գործունեության վրա 10 տեսակի հարկ դնել, ոսկու գինը բարձրացնել ու ակնկալել, որ էդ վիճակում առևտուր կլիներ»,- նկատեց մեր զրուցակիցը:

Նույն վիճակն էր նաև Մալաթիայի ոսկու շուկայում: Խմբագրություն զանգահարած աշխատակիցը հորդորում էր գնալ և նկարահանել դատարկ սեղանները: «Ապշելու բան է, ամեն օր 2-3 հոգի իրենց իրերը հավաքում են ու գնում, ու սա կառավարությունն անվանում է ոլորտի խթանո՞ւմ: Ի՞նչ խթանման մասին է խոսքը, երբ հարկերն ու վարձավճարները խեղդում են մեզ, վարկերի տակ խեղդված ենք»,- ասաց աշխատակիցը»,- փոխանցում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: