Ամռան վերջին ամիսը հանգստի ամենաեռուն շրջանն է: Բոլորը ձգտում են ուղղակի «փախչել» քաղաքի անտանելի տապից և մի զով անկյուն գտնել, որտեղ էլ կանցկացնեն իրենց հանգիստը: YerevanNews.am-ը արդեն ներկայացրել է մի քանի հայ հայտնիների այս տարվա հանգստի մանրամասները: Այս անգամ մենք զրուցեցինք հայկական շոու բիզնեսի ամենասկանդալային դեմքերից մեկի՝ Ջուսի հետ: Այս տարի Ջուսը այլ կերպ է անցկացնում ամառը:
Ջուս, սիրում եք արդյո՞ք ամառը և ինչպես եք անցկացնում այս տարվա Ձեր հանգիստը:
- Ամառը այդքան էլ չեմ սիրում, որովհետև շատ շոգ է լինում: Ավելի սիրում եմ գարունը և աշնան սկիզբը:
Այս անգամ չի ստացվում հանգստանալ, քանի որ զբաղված էի նոր տեսահոլովակի նկարահանումներով: Այս ընթացքում պատրաստվում էի տեսահոլովակի նկարահանմանը և միաժամանակ երգ էի ձայնագրում: Դրա համար բոլոր ուժերս և ժամանակս ներդրեցի այդ գործի մեջ: Նոր ենք վերջացրել նկարահանումները:
Այս ամառ գնում ենք տարբեր շրջաններ՝ «համով ուտելու»...այսպիսին է այս տարվա իմ հանգիստը: Մի օր գնում ենք Գյումրի ձուկ ուտելու, մի օր գնում ենք Աբովյան էլի ինչ-որ համեղ ուտելիքներ փորձելու: Այս ամենը «գնալ-գալով»:
Հա, մեկել այս տարի «Google»-ով եմ հանգստանում: Այսինքն «Google»-ով գտնում եմ տարբեր ծովային երկրներ, այցելում եմ... բայց գուգլով, իհարկե:
Ակտիվ թե՞ պասիվհանգիստ եք նախընտրում, Ջուս:
- Նախընտրում եմ պասիվ հանգիստը, որովհետև իմ կյանքը շատ ակտիվ է և ես ընդհանրապես ակտիվ մարդ եմ, դրա համար ես սիրում եմ լրիվ պասիվ հանգիստ...«շոփինգներ», ծով, մերսումներ, սփա սրահներ...
Իսկ հանգստի համար նախընտրում եք Հայաստանը թե՞ արտերկիրը:
- Ես սիրում եմ շատ եվրոպական երկրներ և, ինչու ոչ, կղզիներ... դա էլ եմ շատ սիրում և իհարկե ծով... ծովը պարտադիր, որովհետև մենք ծովը կարոտում ենք: Ինչո՞ւ Երևանում չկա ծով, այ լավ կլիներ:
Ջուսը սիրում է հանգստանալ նաև Հայաստանում, բայց ոչ բոլոր վայրերում:
Մեզ հետ զրույցում նա նաև նշեց, որ նորմալ է վերաբերում այն երևույթին, որ բազմաթիվ հայեր նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել հարևան Թուրքիայի տարածում: Ըստ նրա՝ հիմա այն ժամանակները չեն, բացասական մթնոլորտն արդեն անցել է: Հիմա թուրքերը հայերին լավ են վերաբերում և կարելի է հանգիստն անցկացնել նաև այնտեղ: