Նախագահը տեղյակ է Air Armenia ընկերության սեփականատիրոջ հետ կապված միջադեպի մասին, համապատասխան մարմինները հետեւողական են լինելու, որպեսզի հարցը լուծվի օրենքի շրջանակում, այս մասին օգոստոսի 17-ին՝ «Բազե 2015» համահայկական երիտասարդական հավաքի օրը, հայտարարեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների կողմից Air Armenia-ի սեփականատեր Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու մասին հարցին:
Նրա խոսքով, դա բացասական երեւույթ է՝ անկախ այն հանգամանքից, թե ում անվան հետ է կապված: «Այդպիսի բոլոր խոսակցություններին, որոնք համապատասխանում են իրականությանը, ես բացասաբար են վերաբերվում: Այդ հարցը պետք է լուծվի իրավական դաշտում, օրենքին համապատասխան: Ես դատապարտում եմ այդպիսի վարքը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է այն ցուցաբերում, եթե անգամ իմ մերձավորը»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Արսեն Ավետիսյանի կինը բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին, որը կարող եք կարդալ այստեղ։
Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) թիկնազորի անդամները առևանգել են գործարար, «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին Yerevan news-ի հետ զրույցում հայտնեց Արսեն Ավետիսյանի կինը Իզաբելլա Մելքումյանը: