ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ` Եվրամիության Սահմանների համալիր կառավարման առաջնային նախաձեռնությամբ նախատեսվող Հայաստանի և Վրաստանի միջև Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետերի համար սարքավորումների և ենթակառուցվածքների ծրագրով 434.5 հազար եվրոյին համարժեք դրամի չափով ՀՀ մասնակցությունն ապահովելու նպատակով։ Իրականացվող ծրագրի արժեքը 4.3 մլն եվրո է, որի 83.3 տոկոսը տրամադրում է ԵՄ-ն, 16.7 տոկոսը պետք է համաֆինանսավորվեն Հայաստանը և Վրաստանը։
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնց համաձայն անհուսալի համարվող հարկային պարտավորության հաշվառման և հաշվառումից հանելու կարգում անհուսալի համարվելու համար հարկային պարտավորության սահմանաչափը 500 հազ. դրամի փոխարեն սահմանվել է մեկ միլիոն դրամ։
Գործադիրը որոշել է ՀՀ հողային ֆոնդի` ըստ նպատակային նշանակության հողերի 2013 թ. կադաստրային գները և կադաստրային զուտ եկամտի չափերը սահմանել ՀՀ կառավարության 2007 թ. ապրիլի 19-ի համանման բովանդակությամբ որոշմամբ սահմանված չափերով։ Ակնկալվում է, որ դրա արդյունքում կձևավորվեն նշված հողերի 2013 թ. հարկման բազաները, և տվյալների ամփոփ ցուցակները մինչև գնահատման տարվա օգոստոսի 1-ը կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո հնարավոր կլինի հաշվարկել և գանձել 2014 թ. հողի հարկը` համայնքային բյուջեներ ներգրավելու համար։
Փոփոխություններ և լրացումներ կատարելով 2013 թ. պետբյուջեում և իր նախկին որոշումներից մեկում` կառավարությունն ընդունել է «Կանազ» և «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ների պետական բյուջեի նկատմամբ ունեցած պարտքի դիմաց ընկերություններին պատկանող գույքը և կարգավորել գանձապետական ձևակերպման հարցերը։ Որոշման ընդունմամբ ՀՀ 2013 թ. պետբյուջեի եկամտի և ծախսի տարեկան ծրագրային ցուցանիշներն ավելանում են 986.8 մլն դրամի չափով: