«Հայկական ժամանակ» օրաթերթը զրուցել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրյանի հետ: Զրույցից մի հատված ստորև.
-Մինչ դուք բացակայում էիք երկրից, այստեղ խոսակցություններ սկսեցին շրջանառվել, թե ձեր ղեկավարած կուսակցությունը հնարավոր է դուրս գա Հայ ազգային կոնգրեսի կազմից, որքանո՞վ են հիմնավոր այդ խոսակցությունները: Նաև հիմա ՀԱԿ-ում որոշակի խմորումներ են տեղի ունենում, ինչպե՞ս եք դրանց վերաբերվում:
-ՀԱԿ-ից դուրս գալու մասին խոսակցությունները հիմնավոր չեն: ՀԺԿ-ն եղել և մնում է ՀԱԿ-ի առանցքային կուսակցություններից մեկը: Դուրս գալու հարց չկա: Հակառակը, թե ՀԺԿ-ն, թե ՀԱԿ-ի մեջ մտնող մյուս քաղաքական ուժերը, վերլուծելով ողջ անցած ուղին, պետք է փորձեն ՀԱԿ-ի գործունեությունը դարձնել առավել արդյունավետ և այդ կապակցությամբ Կոնգրեսում, իհարկե, քննարկումներ դեռ կլինեն: Եթե լինեն ռացիոնալ առաջարկներ, ապա դրանք, կարծում եմ, կընդունվեն:
-Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց 2013-ի նախագահի ընտրություններում տարիքի պատճառով չառաջադրվելու իր որոշման մասին, դուք հերթական վիրահատությունից հետո ապաքինման փուլում էիք և ձեր տեսակետը հայտնի չէ, ինչպե՞ս եք վերաբերվում Տեր-Պետրոսյանի այդ որոշմանը:
-Թե 68, թե 58, թե 48 տարեկանում, այսինքն, անկախ տարիքից, մասնակցելը իմաստ չունի, եթե ընտրությունները կեղծվում են, և այդ գործին լծվում է ամբողջ պետական մեքենան: Այսօր ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի հավատում, որ հնարավոր է ընտրությունների միջոցով հասնել փոփոխությունների, իսպառ բացակայում է հավատը ընտրական գործընթացների նկատմամբ: Ամեն մի կեղծված ընտրություն իր խորը հետքն է թողնում, մեծացնում է հասարակության բարոյալքումը: Այս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է հզոր ընդդիմադիր բևեռի ձևավորում, ինչը, պետք է արձանագրենք, այս անգամ տեղի չունեցավ: Իսկ մասնակցել` մասնակցելու համար, դա մեզ պետք չէ:


