Երեկ ՀՀ Կառավարության նիստում դրական եզրակացություն ստացավ Հայաստանի և Ռուսաստանի միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված «ՀայՌուսԳազարդի» վաճառքի պայմանագիրը և բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագիրը մեկական արձանագրությամբ համալրելու նախագիծը:
Առաջինով «Գազպրոմ Արմենիային» տրվեցին նոր արտոնութույններ, իսկ 2-րդով սահմանվեց սահմանին գազի նոր սակագինը:
Նոր մենաշնորհներ
Պայմանագրով նորանոր մենաշնորհներ է հատկացվում «Գազպրոմ Արմենիային»: Այսպես, համաձայնագրի 1-ին հոդվածով ամրագրվում է, որ «Գազպրոմ Արմենիան» նախապատվություն է ունենալու դեռևս կառուցվող Իրան-Հայաստան և Վրաստան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով դեպի Իրան ու Վրաստան էլեկտրաէներգիա արտահանելու համար:
Այլ կերպ ասած, «Գազպրոմ Արմենիային» համաձայնագրով տրվում է Հայաստանից դեպի Իրան և Վրաստան 400կՎ լարմամբ էլեկտրաէներգիայի արտահանման մենաշնորհ և այդ լարերով արտահանվելու է հենց «Գազպրոմ Արմենիային» պատկանող «Հրազդան-5» ջերմաէլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիան: Սա փաստացի զրկում է էլեկտրաէներգիա այլ արտադրողներին (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող Երևանի ՋԷԿ-ին) դուրս գալու տարածաշրջանային շուկա:
Այստեղ նաև հարկ է հաշվի առնել, որ Հայաստանն այժմ Իրանի հետ ունի «Գազ էեկտրաէներգիայի դիմաց» բարտերի պայմանագիր (1 խմ գազի դիմաց 3 կՎտԺ), որի շնորհիվ Երևանի ջերմաէլեկտրակայանում արտադրվող էլեկտրաէներգիայի մի մասը Հայաստնի ներքի շուկա է մտնում գրեթէ 0-ական ինքնարժեքով: Իսկ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր լարերի կառուցման դեպքում այդ բարտերի քանակը կավելանար և Հայաստանում կպակասեր էլեկտրաէներգիայի ինքնարժեքը: Սակայն այս պայմանագրի ստորագրումը զրկելու է Հայաստանին այդ բարտերի ծավալների մեծացման հնարավորությունից, քանի որ կառուցվող բարձրավոլտ էլեկտրալարերի օգտագործման մենաշնորհը, ինչպես ասվեց, տրվելու է «Գազպրոմ Արմենիային»:
Այսինքն, կարելի է արձանագրել, որ այս պայմանագիրը նաև սպանում է Հայաստանում էլեկտրէներգիայի սակագների նվազման հիմնական հնարավորություններից մեկը:
Գազի գինը
Այժմ սահմանին «Գազպրոմը» իր դուստր «Գազպրոմ Արմենիային» գազը վաճառում է 190 դոլարով հազար խմ-ի դիմաց, իսկ համաձայնագրի նոր արձանագրության համաձայն այն դառնալու է 165 դոլար:
Սակայն, թե կառավարության նշված որոշման տեղեկանքից և թե «Գազպրոմ Արմենիայի» հայտարարություններից պարզ է դառնում, որ գազի դիմաց Հայաստանի բաժանորդները շարունակելու են վճարել նույն սակագները՝ բնակիչ-բաժանորդները 156 դրամ 1 խմ-ի դիմաց, իսկ խոշոր ձեռնարկությունները 277 դոլար 1000 խմ-ի դիմաց: Այսինքն, սահմանին գազի 1000 խմ-ի դիմաց 165 դոլար գինը, միևնույնն է, հայաստանցիներս որևէ կերպ չենք զգալու:
Այլ կերպ ասած, ստացվում է, որ եթե այժմ խոշոր բաժանորդներին վաճառված 1000 խմ-ի մարժան կազմում է շուրջ 87 դոլար, ապա էժանանալուց հետո այն կկազմի 112 դոլար: Այդ 25 դոլարանոց տարբերության արդյունքում երկրի բնակիչներս գնաճով և էլեկտարէներգիայի սակագնի բարձրացման տեսքով «Գազպրոմ Արմենիային» տարեկան 20 միլիարդ դրամով ավել գերշահույթ ենք ապահովելու:
Ընդ որում, այդ գերշահույթի պահպանումը «Գազպրոմ Արմենիայում» երաշխավորվում է նաև ստորագրվող 1-ին համաձայնագրի 1-ին հոդվածի վերջին պարբերությամբ:
Ավելին, քանի որ դրամը դոլարի նկատմաբ արժեզրկվել է, կարելի է արձանագրել, որ խոշոր ձեռնարկությունների համար բնական գազի գինը 20 տոկոսով թանկացել է, ինչը արդեն իսկ խախտում է 2013 թվականի դեկտեմբերին հնչեցրած այն խոստումը, ըստ որի Հայաստանում գազի գինը 5 տարվա ընթացքում չի թանկանա:
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»