«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Այսօր Հայաստանի բոլոր դպրոցներում սկսվում է նոր ուսումնական տարին, սակայն բազմաթիվ, հիմնականում լեռնային շրջանների գյուղերում առաջին դասարանցիների համար սեպտեմբերի 1-ի զանգը չի հնչի: Օրինակ՝ ՀՀ Սյունիքի մարզի Աղվանի գյուղը արդեն երեք տարի է, ինչ առաջին դասարանի աշակերտ չի ունենում:

«Մի ծվարած դպրոց ունենք՝ իր երեք աշակերտներով: Նախորդ տարի աշակերտների թիվը 7-ն էր, բայց ծնողները տարան գյուղից, իսկ այս երեքի ծնողներին խնդրեցինք, որ պահեն: Տեսնենք՝ հետո ինչ կլինի»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տխուր ձայնով նկարագրեց Աղվանիի գյուղապետ Աշոտ Սուքիասյանը:

Դպրոցական զանգը չի հնչի նաև Արագածոտնի մարզի Դպրեվանք, Օթևան, Վայոց Ձորի Փոռ, Սյունիքի մարզի Շրվենանց, Տավրուս, Շիրակի մարզի Կաքավասար, Լեռնագյուղ և այլ համայնքներում: Այս իրավիճակը լիարժեք բնութագրում է արտագաղթի կործանարար հետևանքները: Բայց բարձրաստիճան պաշտոնյաներին ոչինչ չի խանգարի այսօր մայրաքաղաքի շքեղ դպրոցներում ֆոտոսեսիա կազմակերպել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: