Օգոստոսի 31-ին իր մահկանացուն է կնքել սփյուռքահայ գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանը:

Վահագն Հովնանյանը ծնվել է 1932, փետրվարի 16-ին՝ Իրաքի Քիրքուք շրջանում և հայ ճարտարագետ-ձեռնարկատեր, հասարակական գործիչ, բարերար Հրայր Հովնանյանի եղբայրն է։

1952 թվականին Վահագն Հովնանյանն ավարտել Բաղդադի քոլեջը, 1956 թվականին՝ Ֆիլադելֆիայի Ս. Ջոզեֆի համալսարանը, (Փենսիլվանիա նահանգ)` ստանալով ֆիզիկոս բակալավրի աստիճան։

1959 թվականին հիմնել է (եղբայրների հետ) «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան (եղել է փոխնախագահ), 1969 թվականին՝ սեփական անշարժ գույքի շինարարության («Hovhit») ընկերությունը։ Գործունեության ծավալների աճելուն պես, ստեղծվել են մի քանի դուստր ընկերություններ՝ "V.S. Hovnanian Group", "Adelfia Water Company", "Adelfia Sewer Company", "Hovnanian Realty", "Clear Title Agency" և "Grandview Cable"։

1985 թվականին Վահագն Հովնանյանը որդու հետ նախաձեռնել է հաճախականության լայն ընդգրկումով հեռահաղորդակցության ընկերություն, հիմնելով "Cellular Vision" կորպորացիան, որը հետագայում վերանվանվեց "SpeedUS" կորպորացիայի։


1998 թվականից Վահագն Հովնանյանը «Հովնանյան Ինթերնեյշնլ» և «Հովնանյան Գրուպ» ընկերությունների նախագահն է:

Վահագն Հովնանյանի բարեգործական ծրագրերը նպատակաուղղված են եղել հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաև Հայաստանում տուրիզմի զարգացմանը։

Կնոջ՝ Հասմիկ Հովնանյանի հետ 1976 թվականին Նյու Միլֆորդ քաղաքում (Նյու Ջերսի նահանգ) հիմնել է հայկական դպրոց, նպաստել է ԱՄՆ-ի հյուսիս-արլևելյան հայ համայնքի կրթական, կրոնական և մշակութային խնդիրների լուծմանը։

2000 թվականին ՀՀ-ում հիմնել են Սայաթ-Նովայի անվան, 2002 թվականին՝ «Վահագն» մրցանակաբաշխությունները։ 2001 թվականի մայիսին ստեղծել է Հայկական տուրիզմի զարգացման գործակալությունը (ՀՏԶԳ)։

Ռիջֆիլդ քաղաքի (Նյու Ջերսի նահանգ) Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ամերիկա-Իսրայել բարեկամության խորհրդի անդամ։

1998 թվականին Երևանում կառուցել է Վահագնի թաղամասը։