Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ArmFootball.com-ի թղթակից Արսեն Սարկիսյանի հետ զրույցում մեկնաբանել է Յուրա Մովսիսյանի խաղը Մոսկվայի «Սպարտակում»:
- Մրցակիցները ուսումնասիրում են Յուրայի նա խաղը, ավելի սեղմ են գործում նրա դեմ: Նայել եմ «Սպարտակ» - «Լոկոմոտիվ» հանդիպումը, այդ խաղում Յուրան շատ տարածություն ու ժամանակ չէր ստանում: Պետք է ելք գտնել այդպիսի իրավիճակներից, ոչ ոք Մովսիսյանի փոխարեն դա չի անի:
Յուրան ավելի լավ է զգում իրեն, երբ ազատ տարածություն կա: Ամուր հսկողության ժամանակ նրա խաղը այդքան էլ չի ստացվում: Բայց բարձրակարգ ֆուտբոլիստները հենց դրանով էլ առանձնանում են, որ կարողանում են դուրս գալ ցանկացած իրավիճակից:
Ես լավ գիտեմ Յուրային, նա ուժեղ բնավորություն ունի: Մովսիսյանը վստահ է իր ուժերին, նրա համար մրցակցի անունը էական չէ: Նա երբեք չի հանձնվում,- նշել է Մինասյանը: