«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նախօրեին՝ ուշ երեկոյան, հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական դիրքերի ողջ երկայնքով մեկ հակառակորդը գնդակոծում և հրետանակոծում է սահմանամերձ հայկական գյուղերը: Դեռևս կեսգիշերին արդեն հայտնի էր, որ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրազենից բացի՝ օգտագործել էր նաև հրետանի, ինչի արդյունքում սահմանամերձ գյուղերում բազմաթիվ տներ էին վնասվել: Իսկ արդեն առավոտյան հայտնի դարձավ, որ գնդակոծությունների և հրետանակոծումների արդյունքում զոհվել է 1975 թվականին ծնված, պայմանագրային զինծառայող Հայկ Կառլենի Թևոյանը, իսկ Կոթի գյուղի բնակիչներ, մայր և որդի Նազիկ Պետրոսյանն ու Ռազմիկ Թումանյանը վիրավորվել էին: Հասկանալի է, որ գնդակոծված և հրետանակոծված գյուղերի բնակիչները նախօրեից ահաբեկված վիճակում են:

Հ. Գ. Այնուամենայնիվ, բոլորի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Ադրբեջանը էլի սկսեց ակտիվանալ: Պատճառը, թերևս, պարզ է՝ նախագահ Իլհամ Ալիևը փորձում է իր թիմին ցույց տալ, որ պաշտոնական Մոսկվան ամենևին էլ Հայաստանի պաշտպանը չէ, և Ադրբեջանը կարող է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքվում գտնվելու օրերին գնդակոծել Հայաստանը: Բացի այդ՝ իրականում Ալիևն իր իշխանությունը երկարաձգելու որևէ այլ շանս չունի, քան պատերազմ հրահրելը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: