Իտալական Սերիա Բ-ի նախագահ Անդրեա Աբոդին մեկնաբանել է հատուկ կանաչ քարտի ներմուծումը, որը միտված է ֆուտբոլիստների՝ արդար խաղի ոգով գործողությունները խթանելուն.

«Ոմանք սխալմամբ քննադատում են այս նորամուծությունը՝ չհասկանալով, որ այն միայն խորհրդանիշ է, ուրիշ ոչինչ:

Ես կրկնում եմ, որ կանաչ քարտը պարզապես սիմվոլ է: Եթե այդպես չլիներ, մենք ստիպված պետք է լինեինք փոխել ֆուտբոլի կանոնները: Դա մեր էթիկայի հանձնաժողովի նախաձեռնությունն է:

Քարտը նախատեսված է հատուկ դեպքերի համար: Եթե ֆուտբոլիտն ուղղակի դուրս է հանում գնդակը դաշտի սահմաններից, երբ որևէ մեկը վնասվածք է ստացել, դեռ չի նշանակում, որ նրան պետք է կանաչ քարտ տալ:

Այս նախաձեռնության նպատակը փոխադարձ արդար և հարգալից խաղին նպաստելն է: Այն ֆուտբոլիստներն, ովքեր այդ իմաստով ինչ - որ հատուկ բան կանեն, կանաչ քարտ կստանան այս հարցում մեզ հետ համագործակցող մրցավարների կողմից:

Սա ամբողջական ծրագրի մի մաս է, որը պետք է ստեղծի արդար խաղ, փոխադարձ հարգանք, բարոյականություն և բարձր սկզբունքներ», – Աբոդիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն: