Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանը կապ չունի դերասան Վարդան Պետրոսյանի պատժի կրումը ազատ ռեժիմով սահմանելու հարցում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի շահերի պաշտպան Ռուբեն Բալոյանը։
Այս հարցը կարգավորվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքով։
Նա ընդգծեց, որ տարածվել է սխալ տեղեկություն, թե ռեժիմի փոփոխության մասին որոշումը կայացվել է դատարանի կողմից։ Հավանաբար դատարանը միայն իր վերջին կնիքն է դրել գործերում: Բալոյանի խոսքերով Վարդան Պետրոսյանը տեղափոխվել է անզգուշության հետևանքով հանցագործություն կատարած անձանց քրեակատարողական հիմնարկ։
Նա նշեց, որ բաց ռեժիմը աշխատելու հնարավորություն դատապարտյալին տալիս է՝ խոսելով այն մասին, որ դերասանը աշխատանքային առաջարկ է ստացել:
Դերասան Վարդան Պետրոսյանի մեղքը ապացուցված է, ընդգծեց նա՝ ասելով. «եթե կողմերի միջև հաշտություն լիներ դեռևս անցյալ տարվա ամռանը, ապա այսօր Վարդան Պետրոսյանը կգտնվեր ազատության մեջ»։
Ռուբեն Բալոյանն ասաց նաև, որ դերասանի դեմ դատարանում նոր հայց է ներկայացված է և իրենք միջնորդել են , որ Վարդան Պետրոսյանի գույքը դրվի արգելանքի տակ, քանի որ նա պետք է հատուցի տուժողներին պատճառած վնասները, դրանք են ՝ փաստաբանների վճարած գումարներն ամբողջությամբ և մյուս անձանց պատճառած վնասները։ Բուժման մասով գումարը չի գերազանցում մեկ միլիոն դրամը, իսկ փաստաբանի ծախսը՝ երկու միլիոն: