Ադրբեջանի կողմից ՀՀ, ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում հնչած կրակահերթի ինտենսիվությունը նվազել է: Նշենք, որ մի քանի օր Ադրբեջանը սրել էր իրավիճակը սահմանագծում, ինչի արդյունքում եղան վիրավորներ և զոհեր: Այս մասին YerevanNews.am-ը զրուցեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ:
Պարոն Մինասյան որքան անսպասելի Ադրբեջանը սրեց լարվածությունը, այնքան անսպասելի էլ հանդարտվեց: Ի՞նչ կապ ունի Պուտին-Սարգսյան հանդիպումը:
- Վերջին տասնամյակներում այդքան էլ անսպասելի չէ, որ օգոստոսի վերջում Ադրբեջանը հերթական անգամ սկսում է էսկալացիան, բայց մենք սովորել ենք, որ այն ունի ցիկլային բնույթ և, բնականաբար, այս պահին լարվածությունը թուլացրել է, մինչև որ մեկ ամսից կամ երկու ամսից, ինչ-որ առիթի հետ կապված կամ առանց առիթ ադրբեջանցիները էլի սկսեն դա անել, որովհետև դա մտնում է ադրբեջանի ռազմավարության մեջ. յուրաքանչյուր պահի փորձել այդ ճնշումը գորածդրել հայկական կողմի ուղղությամբ, քանի որ ավելիի՝ լայնամաշտաբ պատերազմական գործողությունների, իրենք չեն կարող գնալ, բայց և ներկայիս իշխանությունները ի վիճակի չեն մերվելու այս քաղաքական իրականության հետ, որը արդեն շարունակվում է ավելի քան քարորդ դար:
Միգուցե կարելի է կապել, և Հայաստանում շատերը փորձում են կապել Պուտին-Սարգսյան հանդիպման հետ, բայց ես կարծում եմ, որ պատասխանը ավելի պարզ է. Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ դա անում է՝ հիշեցնելով, որ այս իրավիճակը չի ընդունում և Ադրբեջանը փորձելու է յուրաքանչյուր առիթ օգտագործել:
Սերժ Սարգսյանի հայտարարությունը և պայմանավորվածությունը հայկական Զինուժը թարմացնելու մասին, ինչպես նաև վարկը ստորագրվել և տրամադրվել են դեռ այս տարվա հունիսին: Նախագահները հանդիպում են և, բնականաբար, վերջին համագործակցության արդյունքներով պետք է կիսվեն լրագրողների հետ. գազի գնի իջեցումը, ռազմական տեխնիկայի վարկը տեղի է ունեցել վերջերս և առիթ կար դրա մասին խոսելու: Գազի գնի իջեցման մասին երկու ամիս է պայմանավորվածություն կա և գործում է, քանի որ նախորդ տարվա վերջում լուրջ տատանումներ եղան հայկական դրամի հետ: Այն պատճառով, որ տատանումները չանդրադառնան հայ սպառողի վրա, որոշում ընդունվեց, որ Ռուսաստանից եկող գազը կնվազի 25 դոլարով, ինչը հնարավորություն կտա պահպանել այն տարիֆները, որոնք գործում էին անցած տարվա կտրվածքով:
Օրինաչափություն տեսնում եք Ադրբեջանի գործողությունների մեջ:
- Այո, գլխավոր օրինաչափությունը այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը և նույնիսկ հասարակությունը չեն ուզում մերվել, որ իրենք ի վիճակի չեն որևէ ձևով վերադարձնել Լեռնային Ղարաբաղը, բայց մյուս կողմից էլ ի վիճակի չեն սկսել լայնամաշտաբ պատերազմ, քանի որ դեռ լուրջ հարց է, թե ինչով դա կավարտվի և ինչ կորուստների կբերի առաջին հերթին հենց Ադրբեջանի համար: Դրա համար նրանք փորձում են օգտագործել ռազմական շանտաժը, իսկ այդ շանտաժի ձևերից մեկը ոչ միայն հայտարարություններն են կամ զորավարժությունները, որոնք այս պահին տեղի են ունենում, այլ նաև ժամանակ առ ժամանակ լարվածություն ստեղծել՝ և՛ ՀՀ պետական սահմանին, և՛ ԼՂՀ պետական սահմանին: