Հաղորդվում է, որ թուրք-քրդական բախումները մոտեցել են ընդհուպ Հայաստանի սահմանին: Իգդիրի սահմանային անցակետի մոտ (Թուրքիա-Նախիջևան սահմանին) թուրք ոստիկանների մեքենան պայթեցվել է քուրդ զինյալների կողմից: Թուրքական կողմից տասնյակ զոհեր կան: Հզոր պայթյունի ձայնը լսվել է նաեւ Արարատի մարզի Ռանչպար գյուղում: Դա նշանակում է, որ փաստացի արդեն գործողություններ են սկսվել Իգդիրի շրջանում, որտեղ քրդերը բացարձակ մեծամասնություն չեն կազմում: Նշենք, որ Իգդիրը աշխարհագրորեն եւ պատմականորեն Հայաստանի Հանրապետության մի մասն է կազմում: Կարծում ենք, եկել է այն պահը, որ այսօր պետք է խոսել ոչ միայն 1915 թ. հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության մասին, այլ նաեւ 1921 թ. քեմալական Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության բուն տարածքների անօրինական օկուպացման մասին:

Անդրադառնանք պատմությանը: Իգդիրը (Սուրմալուի գավառ) միշտ եղել է Արեւելյան Հայաստանի անբաժան մասը: Դեռեւս 1555 թ. հետո, Թուրքիայի եւ Պարսկաստանի միջեւ Հայաստանի բաժանման արդյունքում Պարսկաստանի ընդհանուր պետության ներքո կազմավորվել էր Երեւանի խանությունը` որի մեջ էր ներառված նաեւ Սուրմալուի գավառը: Արդեն Ռուսական կայսրության օրոք` Սուրմալուի գավառը անփոփոխ մնում էր Հայկական մարզի, այնուհետեւ Երեւանի նահանգի կազմում` իսկ հայ ազգաբնակչությունը կազմում էր գավառի բացարձակ մեծամասնությունը: Ներկայացնում ենք 1880-ականների Երեւանի նահանգի պաշտոնական քարտեզը` Սուրմալուի գավառի տարածքը կազմում էր 3,688 ք. կմ: Մեջբերենք նաեւ 1897 թ. Ռուսական կայսրությունում անցկացված մարդահամարի պաշտոնական տվյալները. «Իգդիրում բնակիչների ընդհանուր թիվը` 4680, որից հայեր` 3934, ռուսներ` 559, թաթարներ` 82, քրդեր` 72, եւ այլ» (Первая всеобщая перепись населения Российской Империи, 1897 г.):

1918-1920 թթ. Սուրմալուի գավառը արդեն Հայաստանի Հանրապետության անբաժան մասն էր, սակայն դավադրաբար անցավ Թուրքիայի կազմի մեջ ռուս-թուրքական 1921 թ. մարտին ստորագրված Մոսկվայի պայմանագրով: Մինչեւ 1920 թ. դեկտեմբերը հայկական զորամիավորումները կարողացել էին պաշտպանել Սուրմալուի գավառը թուրքերի հարձակումներից: Հայերի արտագաղթը գավառից իրականացվել է արդեն Մոսկվայի պայմանագրի ստորագրումից հետո: Հայերից դատարկված Իգդիր տափաստաններից վերաբնակեցվեցին կովկասյան թաթարների քոչվոր ցեղախմբեր, որոնց շառավիղներն էլ ներկայումս կազմում են Իգդիրի բնակչության եկվոր մեծամասնությունը:

Ռուբեն Շուխյան-Facebook