ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ դպրոցականների թունավորման դեպքի առթիվ:
2015թ. սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12:15-ին, ստացվել է հաղորդում, որ Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցում 4-7-րդ դասարանի աշակերտներ են թունավորվել, իսկ նույն օրը՝ ժամը 12:20-ին, Արտաշատի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «Սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցից հիվանդանոց է ընդունվել 40, Այգեզարդ գյուղի միջնակարգ գյուղից՝ 8, ընդհանուրը՝ 48 երեխա:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի ընթացքում Բաղրամյանի և Այգեզարդ գյուղերի միջնակարգ դպրոցներում կատարվել են դեպքի վայրի զննություններ՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և որակի վերահսկման տեսչության, ինչպես նաև՝ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների կանխարգելման վերահսկման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների մասնակցությամբ:
Կատարված քննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղում տեղակայված ԱՁ-ն, իրականացնելով հացաբուլկեղենի արտադրություն, մատակարարման պայմանագրեր է կնքել Արարատի մարզի Բաղրամյան, Այգեզարդ և մի շարք այլ գյուղերի դպրոցների հետ՝ հացաբուլկեղեն մատակարարելու նպատակով, և յուրաքանչյուր աշխատանքային օր՝ առավոտյան, հացաբուլկեղեն է մատակարարել:
Պարզվել է նաև, որ 2015թ. սեպտեմբերի 10-ին՝ առավոտյան ժամը 09-ի սահմաններում, նշված ԱՁ-ի առաքիչը հիշյալ դպրոցներին հացաբուլկեղեն է մատակարարել, որոնք էլ ընդմիջման ժամերին վաճառվել են դպրոցների 4-րդ դասարանից բարձր աշակերտներին:
Քննությամբ պազվել է, որ հիմնականում հոթ-դոգ և կարտոֆիլով կարկանդակ գնած աշակերտներն են դժգոհել սրտխառնոցից և թուլությունից:
Դեպքի վայրի զննությամբ վերցվել են հացաբուլկեղենի նմուշներ և հանձնվել սննդի անվտանգության տեսչություն. համապատասխան փորձաքննությունների իրականացման նպատակով վերցվել են հացաբուլկեղենի պատրաստման և իրացման գործում առնչություն ունեցած անձանցից համապատասխան քսուքներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Կատարվում է նախաքննություն:
Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտելու, թունավորման աղբյուրը, պատճառները պարզելու ուղղությամբ։