«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում մեկնարկեց նոր Սահմանադրության նախագծի քննարկումը: Առաջին օրվա ընթացքում պատգամավորները հասցրել են լսել նախագիծը խորհրդարանում ներկայացնող Վարդան Պողոսյանի զեկույցը և մի քանի հարց ուղղել նրան: Չնայած քննարկումներն այսօր կշարունակվեն, մեկ օրվա արդյունքներով կարող ենք ասել, որ գործընթացն այս պահին ընթանում է իշխանությունների գծած սցենարով, քանի որ ԱԺ-ն, այդ թվում նաև իրենց ընդդիմություն հռչակած քաղաքական ուժերը, ձեռնամուխ են եղել փաստաթղթի բովանդակային քննարկմանը:
Ի դեպ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ փաստաթղթի՝ միասեռականների հետ կապված խնդիրը լուծվել է: Ինչպես հայտնի է՝ այդ խնդիրն ի հայտ էր եկել այն բանից հետո, երբ պարզվել էր, որ Վենետիկի հանձնաժողովին ուղարկված անգլերեն տարբերակում «Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն»-ի փոխարեն գրված է «Ամուսնական տարիքի հասած կանայք և տղամարդիկ իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: