«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ մեր երկրում կարևորագույն բոլոր հարցերը լուծվում են ՀՀԿ ԳՄ նիստում: Որևէ պաշտոնյայի նշանակելուց կամ գահընկեց անելուց առաջ գործադիր մարմնում այդ առնչությամբ քննարկումներ են ծավալվում: Բայց ուշագրավ բացառությամբ փետրվարի 12-ի ՀՀԿ ԳՄ նիստի հետևանքները Գագիկ Ծառուկյանի վրա միայն մի ուղղությամբ երևացին. նա հեռացավ քաղաքականությունից, սակայն իրավաբանական հարթությունում Սերժ Սարգսյանի խոսքերը մնացին օդում:
Այս խոսքերից հետո Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Ծառուկյանը ազատվեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից: Սա թերևս միակ քայլն էր, որ Սերժ Սարգսյանն ասաց ու իրականացրեց: Այդ օրվա ելույթում ՀՀԿ առաջնորդն ասաց. «2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար:
Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»: Այդ վաղվանից անցել է 6 ամիս, սակայն Սերժ Սարգսյանի պատգամավորներն ու ԱԺ նախագահը այդպես էլ տեր չկանգնեցին նրա խոսքերին ու Ծառուկյանի պատգամավորական մանդատը հետ չվերցրին` նրա այդ բոլոր բացակաները հարգելի համարելով:
Այնուհետև Սերժ Սարգսյանը «մահացու» մեղադրանքներ հասցեագրեց ԲՀԿ առաջնորդին` հանրության առաջ հայտարարելով, թե. «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ ՀՀ վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին»: Վարչապետը թերևս սկսեց զբաղվել խնդրով, ավելին` խոստացավ չհասկանալու դեպքում «բամփել» իր խնամուն` Ծառուկյանին: Բայց դարձյալ խոսքերից անդին ոչինչ չարվեց: Ընդամենը մեկ-երկու կցկտուր հայտարարություններ, որ Ծառուկյանի այս կամ այն օբյեկտը տուգանվել է:
Թե ինչու, ինչ հիմնավորմամբ, ինչ կապ ուներ դրա հետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, այդպես էլ անպատասխան մնաց: Անհետեւանք մնացին նաև քրեաիրավական բնույթի հայտարարությունները: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «Շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը: Վաղը ես հրավիրելու եմ անվտանգության խորհրդի նիստ, որտեղ մեր իրավապահների հետ համապատասխան անդրադարձ կլինի, թե ինչպես վարվել նման լուրերի հետ»: Հանրությունն այդպես էլ չտեղեկացավ, թե Ծառուկյանն ինչ հանցագործություններ է պրոֆեսիոնալ կերպով թաքցրել:
Իհարկե, վերջում Սարգսյանը «տեղ թողեց»` հայտարարելով «խոսքս ամբողջությամբ Գագիկ Ծառուկյան քաղաքական կամ կեղծ-քաղաքական երևույթի մասին էր: Որպես ՀՀ քաղաքացի եւ գործարար, ես նրա հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում, եթե, իհարկե, հիմնավորապես հերքվեն օրենքի հետ խնդիրներ ունենալու մասին բոլոր լուրերը»: Հիմա ստացվում է, որ բոլոր այդ խոսքերը հերքվել են, և քանի որ Ծառուկյանը դուրս է եկել քաղաքականությունից, ուստի նրա հետ այլևս խնդիր չկա: Բայց ինչո՞ւ այդ մասին չի բարձրաձայնվում: Եթե իսկապես Ծառուկյանը «կրիստալնի» մաքուր է, ինչո՞ւ այդ մասին նույն շուքով չի խոսվում:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը նաև հայտարարել էր. «Տարիներ շարունակ ես եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը»: Բայց հիմա, ինչպես երևում է, Սերժ Սարգսյանի և ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները այնքան էլ վատ չեն: Սարգսյանը կարծես թե մոռացել է իր հայտարարության մասին և շարունակում է «քաղաքական չարիքի» կողքին մնալ` ջերմ հարաբերություններ պահպանելով նրա հետ, կարծես ոչինչ չի եղել: Նա անգամ հրապարակավ Ծառուկյանի հետ ինչ-որ միջոցառումների է սկսել մասնակցել: Ի՞նչ են մտածում այս մասին ՀՀԿ-ականները…»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: