«Ժառանգություն» կուսակցության արդեն նախկին անդամ Ռուբիկ Հակոբյանը ՀՅԴ-ին անդամագրվելու դիմում չի ներկայացրել: Այս մասին ասյօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: 

Նա մասնավորապես ասել, որ եթե նա ցանկություն ունենա վերադառնալու, ապա կդիմի կարգով, իսկ Գերագույն մարմինն էլ կքննի դիմումը և որոշում կկայացնի:

Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ասել է. «Բոլորի համար ակնհայտ է, որ ինչ-որ բան այն չէ այն «երկրում», որը «Ժառանգություն» է կոչվում»: 

Նա պնդում է, որ իր համար անակնկալ չէ տեղի ունեցածը: «Ռուբիկ Հակոբյանի որոշելիքն է, «Ժառանգության» որոշելիքն է, և հատուկ գնահատական չունեմ, մարդը ինքն է որոշում իր ճակատագիրը»,- ասաց պատգամավորը:

Լրագրողների հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Դաշնակցությունը չընդունի նրանց, ովքեր դավաճանել են կուսակցությանը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ռուբիկ Հակոբյանին դավաճան չենք համարում, նա նաև արտաքսված չէ, նա հեռացված է: Դուք գիտեք դեպք, որ վերջերս 15 տարի Դաշնակցությունից հեռացվելուց հետո դիմել և վերընդունվել է Դաշնակցության մեջ, այնպես որ ոչինչ բացառել պետք չէ: Կքննարկենք ու կեզրակացնենք»: