Այսօր նույնպես ՀՀ ԱԺ-ում ընթանում են Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ քննարկումներ: ԱԺ զեկույցի, քննարկումների արդյունքների մասին YerevanNews.am-ը զրուցեց ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի հետ: 

Գո՞հ եք ԱԺ քննարկումների և լսումների արդյունքներից:

- Ես առանձնակի մեծ սպասումներ, իհարկե, չունեի: Ովքեր «կողմ» տեսակետն ունեին ներկայացրեցին և փորձեցին հիմնավորել այն մոտիվացիաները, որոնք տալիս են իրավունք կոչ անելու հանրությանը քվեարկել կողմ: «Ոչ»-ի ներկայացուցիչները, բնականաբար, բերեցին իրենց արգումենտացիան, սակայն այստեղ ինձ համար կարևորը, ինչպես ես ասել եմ, ժողովուրդն է: Սահմանադրական այս նախագծի հիմնական շահառուն ժողովուրդն է: Երբ մենք կունենանք հանրաքվեի արդյունք, այդ ժամանակ կկարողանանք ասել, թե հանրության ո՞ր տեսակետին, այստեղ ընթացող ո՞ր հատվածին ենք կողմ՝ «այո»-ին, թե՞ «ոչ»-ին:

ԱԺ-ում՝ հիշելով Կարդինալ Ռիշելյեին հնչեց՝ «բերեք ամենաազնիվ մարդուն, և ես կգտնեմ 6 պատճառ նրան գնդակահարելու համար»: Եթե կա մոտիվացիա ասելու «ոչ», ապա միշտ էլ կարելի է գտնել պատճառ, անգամ ամենաանթերի փաստաթղթի մեջ, իսկ եթե կա մոտիվացիա ասելու «այո», ապա միշտ էլ կարելի է գտնել պատճառ ասելու այդ «այո»-ն: Ամենամաքուր թուղթը լինելու է հանրության քվեարկությունը: Այդ ժամանակ արդեն մենք շատ ավելի հստակ կկարողանանք ասել հանրությունը ուներ սահմանադրական այդ փոփոխությունների կարիքը, թե ոչ: