ՄԱՔՈՒՐ ԷՋԻ ԱՇԽԱՐՀԱՄԱՍԸ.

Կինն իջնում էր բլրից : Սիրտը լցված էր մի նոր եզերքի ,մի չպեղված աշխարհամասի տաք շողերով : Մտածում էր իր ժամանակի կտրվածքից այն կողմ ` յոթ ծիածանների գոտիներից անդին ընկած մի ժամանակի մասին , ուր չկար թշնամություն,ատելություն ,պատերազմ : Մի այլ հարթության վրա խաղաղության , անդորրի , հարգանքի , ծիծաղի հորիզոններ կային,բարեկամության արժեքներ: «Պիտի փնտրել երջանկության դուռը ,- մտածում էր նա , - որը հեշտ փակվում ,դժվար բացվում է : Բացվում է հաճախ տարիներ , դարեր անց ,բայց կա այդ դուռը ու պիտի փնտրել »: Նրա մտապատկերում ետ ու առաջ ծփացող ժամանակի էջերը հետ գնացին , ու կրկին վերապրեց անցած ակնթարթներ : Այդ ակնթարթների բաբախները հոգում ` Անահիտն իջնում էր բլրից ...

Հիվանդանոց : Մանկական բաժանմունք : Բժշկական սպիրտի ,յոդի հոտ:
Ներարկիչներ , դեղահաբեր , սպիտակ խալաթավորներ : Հիվանդասենյակներից մեկում Անահիտն է պառկած ` իր աղջնակի հետ , որն արդեն լավ է , բացել է պայծառ աչքերը , վարսակաձավարի հերթական բաժինն է ուտում : Շուտով դուրս են գրվելու : Առողջանում է աղջնակը , Աստված բարի է : Փառք Տիրոջը , - մտածում էր կինը :
Մի երեկո հանկարծ հիվանդասենյակի դուռը կամաց բացվեց :Ներս մտավ պարթամ ու ջահել մի կին ` երեխան գրկին : Բուժքույրը ցույց տվեց ազատ մահճակալը: Կինը բարևեց ու փոքրիկին տեղավորեց մահճակալին : Արևահարված , վառվռուն ,կյանքով հորդուն , վարդագույն շուրթերով , կայծկլտուն աչքերով կին էր , բայց հոգնած տեսք ուներ : Քիչ անց ներս բերեցին կաթիլայինի շտատիվը ,և քույրերն անմիջապես սկսեցին կատարել իրենց գործը , բժշկի հրահանգները . վարժ ու հմուտ միացրին կաթիլային սնուցումը : Երեխայի վիճակն , ինչպես երևում էր , լուրջ էր : Մենասենյակում հիվանդ կար , և բուժանձնակազմը հենց պալատում էլ սկսեց առաջին բուժօգնությունը :

Երեխայի մայրը մտահոգ էր : Մտահոգ էին և բժշկուհին , և բուժքույրերը : Երեխան թույլ էր այն աստիճան ,որ երակը ծակելիս հազիվ տնքաց :
Մինչև կեսգիշեր փոքրիկի անզգա վիճակը շարունակվում էր : Հազում էր կարմիր խորխով , փորն ուռած էր , միայն շնչառությունն էր վկայում ,որ ողջ է : Հետո նրան տեղափոխեցին : Ծանր թոքաբորբն ու աղիքային սուր վարակը հյուծել էին երեխային : Մայրը միջանքում լարված ու տենդագին դեգերում էր : Քայլեց- քայլեց , չդիմացավ , վերադարձավ հիվանդասենյակ ու փլվեց մահճակալին : Ահավոր տանջված –տառապած , հոգնած տեսք ստացավ : Այտերը մի քանի ժամում գունատվեցին , շրթունքները դարձան դողահար ,
աչքերը ` չտեսնող , բորբոքված :
-Ի՞նչ են ասում , - ակնարկելով բուժկազմին ` զգուշորեն հարցրեց Անահիտը :
-է , - հառաչեց կինը ,- պիտի ասեն , որ հասկանամ ` ինչ դժբախտություն է փլվել գլխիս : Երեխայիս վիճակը ծանր է , շատ ծանր :
Կինն անհույս կոտրատեց մատներն ու լացակումած ասաց .
-Մի շաբաթ է ` խնդրում եմ , աղաչում ամուսնուս ,նրա ծնողներին : Երեխաս ջերմություն ունի , լուծում է ,հազում , գունատ է : Ու՞մ ես ասում :«Երեխա է , կհիվանդանա էլ ,կլավանա էլ», - ասում են ... Բութ արարածներ, փայտե գլուխներ , - զայրագին բողոքեց ամուսնուց ու նրա անզգա ընտանիքից :

Նրա անհանգստությունն ու վախը մի տեսակ անորոշ տագնապով համակեցին Անահիտին . նա քնքշությամբ մտածեց Աստծո օգնության կարիքն ունեցող համարյա մեկ տարեկան այդ կնոջ սիրուն բալիկի մասին : Աչքի առջևից չէին հեռանում նրա մանկական
նուրբ թաթիկները ` անօգնական ընկած : Զգացվեց , աչքերը խոնավացան : Քունն իսպառ չքացավ : Ծանր գիշերը կես էր եղել :
-Մայրաքաղաքի՞ց եք , - հարցրեց :
-Այո ... գրեթե :Նորագավթից :
-Որդուդ անունն ի՞նչ է :
-Գուրգեն , - ասաց կինն ու շարունակեց , - ծնողներս Հանքավանից են : Ես այստեղ հարս եմ եկել : Կարգին ընտանիք չեմ ընկել . անսիրտ , գիշատիչ մարդիկ են : Իրենք են ,իրենց առևտուրը : Ինձ չեն սիրում , ատում են ... Երկար պատմություն է : Մեկ շաբաթ է ,երեխաս հիվանդ է ու գնալով ...
Բառերը խեղդվեցին կոկորդում : Կինը տեղը չէր գտնում :
-Ուշադիր պիտի լինես , -հուշեց Անահիտը :
-Ո՞նց կլինես ,երբ ընտանիքում տասնչորս հոգի են , ու բոլորը ` մի հարկի տակ : Ես ... դե ես ի՞նչ` բոլորի ծառան : Քնի կարոտ եմ , հանգստի կարոտ :
-Ես հյութ ունեմ , լցնեմ խմիր ... Դու լավ տեսք ունես ... երևի այնուամենայնիվ հաղթահարում ես :
Կինը դրական շարժեց գլուխը ու երբ խմում էր , Անահիտը հարցրեց .
-Անունդ ի՞նչ է :
-Գյուլնարա : Գյուլնարա է , բայց մանկությունից մայրս Գոգա է անվանել : Քո անո՞ւնն ինչ է , - ասաց ու պահարանին դրեց դատարկ բաժակը :
Անահիտը կրկին հյութ լցրեց :

-Անունս Անահիտ է , Գյուլնարա : Անսովոր անուն է քո անունը , քիչ հանդիպող :
-Ես թրքուհի եմ ,- մտահոգ ասաց կինը :
Անահիտը զարմանքով բարձրացրեց հոնքերը : Ոչ կնոջ խոսակցականը , ոչ արտաքին որևէ բան չէր ասի , որ դիմացինը թրքուհի է :
-Հա , թրքուհի եմ : Հայերի մեջ եմ մեծացել , հայկական կրթություն ստացել , ավարտել եմ մանկավարժական ինստիտուտը : Փոքրիկիս մեծացնեմ , կաշխատեմ : Միայն թե երեխաս ...փրկվի երեխաս :
Անահիտը երկրորդ բաժակ հյութի հետ հացի մի բրդուճ էլ մեկնեց :
-Լավ կլինի , մի քիչ քնես,Գյուլնարա :
-Հա , վեց օր է ` աչք չեմ կպցրել , այսօր առավոտյան միայն մեկ ժամ քնեցի : Շնորհակալ եմ Անահիտ,- ասաց , ապա ավելացրեց . –գնամ , տեսնեմ` Գուրգենս ինչ վիճակում է : Գիտե՞ս , երակները անտես էին , գլխից են միացրել կաթիլայինը :Ինձ ներս չթողեցին . «Չի կարելի , -ասում են . – միայն խանգարելու ես» :Չէի հեռանա , մտածեցի ` կուշաթափվեմ , պատերը երերում էին աչքիս : Հիմա կարծես լավ եմ , շնորհակալ եմ :
Գյուլնարան կամ Գոգան , ինչպես ինքն ասաց , դուրս եկավ հիվանդասենյակից :
Անահիտը մի քիչ սպասեց , հետո կծկվեց մեծ մահճակալի անկյունում ` զգուշորեն ` հայացքը քնած աղջնակին հառած , որ չխանգարի նրա տաքուկ ու անմեղ քունը :
Կիսանիրհի մեջ էր , երբ միջանցքում կիսաձայն հրահանգների , վազվզոց – քստքստոցի , գնալ – գալու , կիսաշշուկների , խեղդված հեծկլտոցի ձայներ լսեց : Սթափվեց : Ժակետը գցեց ուսերին , միջանցք ելավ : «Այսօրվա ծանր հիվանդը թրքուհու որդին
է :Մի՞թե վատացել է խեղճի վիճակը», -անցավ մտքով : Միջանցքում ոչ ոք չկար , բացի մի քույրից , որը թթվածնի պարկն էր արագ տանում ... Նա գրեթե կոպտորեն ասաց .
-Անցեք ձեր պալատը :

-Ի՞նչ է պատահել , - հարցրեց Անահիտն անհանգստացած :
-Գնացեք ,- կրկին ասաց քույրն ու անհետացավ միջանցքի վերջում բացված վերելակում :
Անահիտը մտավ հիվանդասենյակ ու կրկին կուչ եկավ մահճակալին : Քնել չկարողացավ . սիրտը տենդագին խփում էր : Անցավ ահագին ժամանակ : Գիշերվա չորսը կլիներ : Հանկարծ հիվանդասենյակի դուռը կամացուկ բացվեց : Կիսամթան ու պատուհանից ներս ընկած լուսնի աղոտ շողերի տակ ուրվագծվեց Գյուլնարայի գունատ ,սառը , անկենդան ու քարացած դեմքը :
Անահիտն արագ վեր կացավ , հարցական ու հուզմունքով նայեց մանկամարդ կնոջը :
-Դու իմ միակ ծանոթն ես այստեղ ,- դանդաղ , կիսամեռ ,խղճալի ու խռպոտ շշնջաց թրքուհին ,- ես ոչ ոք չունեմ այլևս : Մնաց միայն խեղճ պապս : Արի որդուս վրա ... խնդրում եմ :
-Ի՞նչ է պատահել ,- սոսկումով հարցրեց Անահիտը :
Կինը փղձկաց : Մահճակալին պառկած քնած աղջնակը անհանգիստ մնչաց : Մայրը մոտեցավ , ձեռքը դրեց քնած երեխայի վրա ու շշնջաց ` շըշ... քնիր ,անուշս ,- ու կրկին թեքվեց Գյուլնարայի կողմը , - ի՞նչ է պատահել...
-Գուրգենս ... Գուրգենս չլուսացրեց Անահիտ ,Գուրգենս մեռավ , - ավելի խռպոտ ու կերկեր ասաց կինը , - արի որդուս վրա ... ինձ պատիվ արա : Ա՜խ , բալաս չլուսացրեց ...
Հորդում , հորդում էին արցունքները :

Անահիտը շվարած , ցավով ու ընդարմացած նայում էր նրան : Գյուլնարան ափով սեղմել էր բերանը , որ չգոռա վայրի մռնչյունով , ձախ ձեռքը բռունցք արած ` տրորանքով սեղմում էր սիրտը :
Անահիտը չգիտեր , չէր կարող ասել ` ինչ էր խորհրդանշում թրքուհու խնդրանքը կամ այլևս ինչ նշանակություն ուներ իր նման օտարի ներկայությունը նրա որդու մոտ : Բայց ցավի առջև մայրն զգայուն է : Մի ակնթարթ նայելով իր քնած բալիկին ` լուռ հետևեց վշտալլուկ կնոջը : Իջան առաջին հարկ ու կանգ առան մի դռան առջև :
Հիվանդասենյակում խնամքով հավաքած կոկիկ մահճակալին պառկած էր փոքրիկը :
Ոչ ոք չկար : Քույրերն ու բժիշկը ,որ ողջ գիշեր կռվում էին մահվան դեմ ու պարտվեգին այս անգամ , հեռացել էին :Երեխայի փակ կոպերին բամբակի երկու փոքրիկ գնդիկներ էին դրված:
Ու եթե չլինեին այդ գնդիկները , մտածել կարելի էր , որ փոքրիկ տղան քնած է : Նա այնքա՜ն խաղաղ , այնքա՜ն անմեղ , այնքա՜ն սիրուն էր ...
Բարկ ցավը կտրեց անցավ Անահիտի սիրտը :Արցունքները ողողեցին այտերը : Նա մայր էր . նրա առջև աշխարհի չար ու բարուց անտեղյակ , մի հրեշտակ մանուկ էր պառկած ` մահվան դալկությունը նուրբ բերանին : Անահիտը կռացավ ու համբուրեց փոքրիկի թաթիկը : Մայրը խուլ տնքում ու լալիս էր մի այնպիսի ձայնով , ինչպիսին թույլ կտար հիվանդանոցային էթիկան :

Նա նման էր շիկացած լարի :
-Շնորհակալ եմ , - հեծկլտանքի միջից , կերկերուն լացի ղողանջներով տնքաց Գյուլնարան , - շնորհակալ եմ պատվի համար , շնորհակալ եմ , որ ինձ մենակ չթողեցիր ...
Որոշ ժամանակ անց Անահիտը դիմեց վշտից տարուբերվող կնոջը .
-Կներես , ես պիտի գնամ , աղջիկս մենակ է :
Երբ դուրս էր գալիս , ականջին թուրքերեն բառեր հասան .
-Ա՜խ , մանիմ բեբախտ բալասն , մանիմ բեբախտ , մանիմ բեբախտ...
Առավոտյան կրկին մտավ թրքուհու մոտ : Արդեն տեղեկացրել էին հարազատներին :Ի զարմանս Անահիտի ,աղջկա չորուկ-մորուկ պապիկից բացի ոչ ոք չկար : Չկային կնոջ ամուսինն ու նրա հարազատները :Չկար և երեխան : Գյուլնարան զուսպ ու լուռ էր ` քարացած , սեղմված վշտով :Հետո դրսում մեռած երեխային բուժսպասավորները դրեցին շտապօգնության մեքենան :

Հիվանդ երեխաների մայրերը միջանցքներում խումբ –խումբ քննարկում էին պատահածը :Միայն Անահիտն իրեն թույլ տվեց դրսում հրաժեշտ տալու թրքուհուն : Մի գիշերվա ընթացքում այդ կնոջից , որ ավելի շատ ջահել աղջիկ էր հիշեցնում հարազատ մի զգացում մնաց Անահիտի սրտում :
Հետո ,երբ արդեն պալատում էր , երկար նայում էր պատուհանից դուրս : Շտապօգնության մեքենան վաղուց տարել էր նրանց , բայց Անահիտը նայում էր դատարկ ճանապարհին , ամռան վերջին օրերի տաք այգաբացին : Լուռ սենյակի պատուհանից այն կողմ թնդացող , զարթնող բնությունն էր , ու աշխարհի հավերժական ընթացքի մեջ բացվում էր առավոտը :
Այդ տխուր օրվանից որոշ ժամանակ անցավ : Կյանքում չսպասված փոփոխություններ եղան: Դատարկվեցին խանութները ,ապրելը դժվարացավ , հացի հերթեր գոյացան :Դրան հաջորդեց ԽՍՀՄ – ի փլուզումը : Վայրի բնազդներ ու քաղաքականության մրրիկներ մոլեգնեցին: Եղան Սումգաիթի ,Բաքվի ջարդերը :

Փախստականների խմբերը ողողեցին Հայաստանը : Անահիտը ամուսնու ` Վահանի հետ գնաց կայարան ` մի քանի փախստականների հյուրընկալելու : Բոլորի նյարդերը լարված էին : Հայ անմեղ մարդկանց արյունը թափվեց մի երկրի հողին , որի քաղաքացին էին նրանք , այդ երկրի հաց ստեղծողներից էին , նրա ` այդ երկրի բանվորը ,ուսուցիչը , շինարարը :
Ծառացավ Ղարաբաղյան գոյամարտը : Փախստականները ,ապրուստի ու հարազատների կորստի ցավը սրտերում , բնակություն հաստատեցին Հայաստանի տարբեր վայրերում , մի մասը` թուրքերից գնված տներում , մի մասը մեկնեց Ռուսաստան :
Անահիտը աղջկա ու ամուսնու հետ այդ ժամանակ բնակվում էր Հրազդանում , քանի որ Վահանին աշխատանք էին առաջարկել Հանքավանի առողջարանում : Կինը չցանկացավ նրան մենակ թողնել ու հետևեց ամուսնուն : Հրազդանում ` բնակելի մի տան երկրորդ հարկում բնակարան վարձեցին ու ապրում էին : Ամեն ինչ լավ էր ,եթե չհաշվեին , որ ամուսինն ամեն օր շուրջ քառասուն կիլոմետր ճանապարհ էր կտրում:
Ձմեռ էր : Մի առավոտ սովորականի պես Վահանը վերադարձավ գիշերային հերթապահությունից : Փոխտնօրեն լինելով ` երբեմն հերթապահում էր , քանի որ առողջարանը հիմնական մասով հյուրընկալել էր և փախստականների , և երկրաշարժից տուժածների : Մարդկանց պետք էր օգնել ` ինչով հնարավոր էր :
Անահիտը լսեց , որ փականի մեջ չխկաց բանալին : Մինչ ցանկանում էր վեր
կենալ ` ամուսնուն դիմավորելու , միջանցքից խոսակցության ձայներ լսեց : Մի՞թե լույսը դեռ կարգին չբացված` Վահանը որոշել է հյուրեր տուն բերել . հազիվ թե : Խալաթը կոճկելով ` եկավ միջանցք ու տեսավ ամուսնուց բացի ևս երկու հոգու ` մի ծերունու ու մի ջահել կնոջ , որը վերարկուն էր հանում : Էլեկտրական լույսի տակ ուշադիր նայեց այդ մարդկանց ու նրան թվաց ` երկուսին էլ ինչ- որ տեղ տեսել է : Ամուսնու դեմքին նայելով ` նկատեց , որ նա առանձնապես ոգևորված չէ . սառն ու ակամա է ասում ` ներս անցեք : Ու հանկարծ հիշողությունը պարզվեց . ի դեմս ջահել կնոջ նա ճանաչեց թրքուհուն ` Գյուլնարային , որի ոչ անունն էր մոռացել , ոչ էլ նրան պատահած ողբերգությունը : Կողքինն էլ , ուրեմն , պապն է ` այն նույն նիհար-բարակ , մաշված ու ջղուտ ծերունին :
-Գյուլնարա՞ , - իր ձայնը չճանաչեց Անահիտը : Այն սառն էր , ինչպես պողպատը :
Հայաստանի հողին նրանց գտնվելն այլևս այնքան անհավանական էր , որքան եթե ասեին ` ինչ պատահել էր երկու ժողովուրդների միջև , երազ էր , մղձավանջ : Նա իր տանը տեսնում էր մարդկանց , ում հայրենակիցներն այնքան ցավ ու վիշտ պատճառեցին իր ժողովրդին , ովքեր չարախնդրորեն ուրախանում էին անգամ բնական աղետից ` երկրաշարժից զոհված հազարավորների մահով ու Նախիջևանից Հայաստան մտնող գնացքների վագոններին լուտանքներ էին խազմզում , ում հայրենակիցները Բաքվում բարձրահարկ շենքերից ցած են նետել օրորոցների երեխաների ,վառել տներ , սպանել ու բռնաբարել , երբ մազապուրծ հայրենակիցները Հայաստանում ու Ռուսաստանում ցանուցիր , տնանկ ու անմխիթար , գոյության պայքար են մղում :

Վահանը զարմացած նայեց կնոջը . նա պատկերացում իսկ չուներ , որ կինը կարող է ճանաչել նրանց : Մինչ ամուսինները հարցական հայացքներ էին փոխանակում , թուրքերը , մահ ու չափ վախեցած , հետ քաշվեցին դեպի մուտքի դուռը ու կպան պատին : Անահիտի սառցե ձայնը նրանց վախ ներշնչեց :

Բանաստեղծուհի, գրող Վիկտորյա Բարաքաթյան (մաս1-ին)